«Վերջին անգամ զանգեց մի քանի վայրկյանով, ասեց՝ լավ մնացեք, ու անջատեց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Գագիկ Միկիչյանին

Գագիկ Սմբատի Միկիչյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 31-ին Լոռու մարզի Գուգարք գյուղում: Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, որտեղ էլ Գագիկը ընդունվել է Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 25 դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո 2016 թվականին ընդունվել է Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ՝ ոսկերչության բաժին:

Գերազանցությամբ ավարտելով քոլեջը՝ 2019 դեկտեմբերի 20-ին զորակոչվում է Հայոց բանակ: Ծառայում էր Կապան քաղաքում, գրադի վարորդ էր: Ծառայության 10 ամիսների ընթացքում միշտ ոգևորությամ էր խոսում ծառայության մասին, սիրում էր բանակային կյանքը: Եղել է «10 լավագույն զինվորներ» անվանակարգում, արժանացել «Լավագույն զինվոր» պատվոգրին:

2020 թվականի սեպտեմբերի 7-ին տեղափոխվել են Ջրական (Ջաբրայիլ)՝ զորավարժություններ կատարելու: Սեպտեմբերի 26-ի (լույս 27) գիշերը ծնողների հետ խոսելիս չի ասել, թե որտեղ են գտնվում: 27-ի առավոտյան սկսվում է չարաբաստիկ պատերազմը…

Հարազատների հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 29-ին: Գագիկը վստահեցնում էր, որ իրենք հեռու են կռվի դաշտից և իրենց ոչ մի վտանգ չի սպառնում: Գագիկի վերջին զանգը տևեց մի քանի վայրկյան՝ 2 բառով. «Լավ մնացեք»:

Հարազատները հոկտեմբերի 2-ին են իմացել, որ 4 օր շարունակ համառ մարտեր մղելուց ու թշնամու տասնյակ զինտեխնիկա ոչնչացնելուց հետո, հոկտեմբերի 1-ին Գագիկն իր անունը հավերժացրել է հայ քաջերի շարքում:

Գուգարքի հերոսը ամփոփված է Ս. Սարգսի բարձունքում, որտեղ Գ. Նժդեհի գլխավորությամբ ավարտվել է Ղարաքիլիսայի ճակատամարտը: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…