«Ասում էր՝ մամ ջան ես մի նպատակ ունեմ, զինվորներիս անփորձանք հասցնեմ իրենց ծնողներին, թե չէ ինչ պատասխան պիտի տամ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Գոռին

Գոռ Գևորգի Հովհաննիսյանը ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 14-ին Երևանում։ 2000 թվականին վերաբնակեցման ծրագրով ընտանիքով տեղափոխվել են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կովսական (Զանգելան) քաղաք։ Այնտեղ էլ Գոռը սովորել է Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում, որից հետո ընդունվել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարան, ապա 2010 թվականին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։

2014 թվականին ավարտելով ինստիտուտը և ստանալով լեյտենանտի կոչում՝ նշանակվել է Մարտունի 3 պաշտպանականում որպես դասակի հրամանատար։ Փառքով ու պատվով էր կատարում իր պարտականությունները, շատ էր սիրում իր զինվորներին, նրանց համարում էր իր երեխաները, ու հոր ջերմությամբ ու հոգատարությամբ էր վերաբերվում նրանց։ Մոր հետ խոսելիս ասում էր՝ մամ ջան ես մի նպատակ ունեմ, իմ երեխեքին անփորձանք հասցնեմ իրենց ծնողներին, թե չէ ինչ պատասխան պիտի տամ։

2016 թվականին մասնակցել է Ապրիլյան պատերազնին։ Այդ պատերազմը Գոռը հաղթեց, սակայն ուղիղ 1 տարի անց՝ 2017 թվականի մարտի 31-ին, դիրքը ամրացնելու աշխատանքների ժամանակ, փրկելով իր զինվորին՝ զոհվում է դիպուկահարի կրակոցից։

Գոռ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

2019 թվականի նոյեմբերի 14-ին՝ Գոռի ծննդյան օրը, իր զոհվելու ժամին ծնվեց իր եղբոր՝ Տիգրանի աղջիկը՝ Անին, որն իր մեջ կրում է իր հորեղբոր հերոսական հոգին։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…