«5 օր շրջափակման մեջ էինք, սոված-ծարավ, բայց հավատում էինք, որ փրկվելու ենք»․ հերոս Հարություն Նիկոլյանի մասին պատմում են ծառայակից ընկերները

Ժամկետային զինծառայող 19-ամյա Հարությունը 1 տարի 4 ամիս ծառայեց Հայոց բանակում։ Նա օրինակելի զինվոր է եղել, ստացել կրտսեր սերժանտի կոչում, նաև ջոկի հրամանատար էր։ Հարություն Արմենի Նիկոլյանը մահացու վիրավորում է ստացել Կարմիր Շուկայի հատվածում։

«Ականջներիս մեջ է մեզ վրա թափվող ասկոլկեքի ֆսսոցը։ Հարութի հետ խնդալով իրար դեմքի էինք նայում ու վազում, ասում էինք՝ Աստված ջան, էս ինչի մեզ չի կպնում։ Իրականում պաշտպանիչ հագուստով չէինք, բայց կարծես անտեսանելի պաշտպանիչ վահան հագած լինեինք: Ես չգիտեմ, թե դա ինչ հրաշք էր»,- հիշում է անմահացած հերոս Հարություն Նիկոլյանի մարտական ընկերը՝ Նարեկ Կարապետյանը։

Հարութը վերջին անգամ տուն էր զանգել նոյեմբերի 3-ին՝ մահացու վիրավորում ստանալուց ժամեր առաջ։ Առույգ ու անհոգ ձայնով խոսել էր մոր հետ, ասել, որ ամեն ինչ կարգին է, պարզապես զբաղված է։ Խոստացել էր մի փոքր ավելի ուշ զանգել, բայց այդպես էլ չեղավ սպասված զանգը։ Մոր հետ խոսելուց 1,5 ժամ չանցած՝ Հարութն անմահացավ։

Նա օրինակելի զինվոր է եղել, ստացել կրտսեր սերժանտի կոչում, նաև ջոկի հրամանատար էր։ Շրջափակման մեջ ընկած օրերից որոշ դրվագներ ու մանրամասներ է պատմում Նարեկ Կարապետյանը։

«Հոկտեմբերի 6-ի առավոտն էր, մեզ ասացին, որ պիտի տանեն Ջաբրայիլ, քանի որ իրադրությունն այնտեղ շատ ծանր է։ Էդտեղից էլ ամեն ինչ սկսվեց։ Այդ հատվածում 4 կողմից շրջափակման մեջ էինք ընկել։ Որևէ օգնություն չէր կարողանում հասնել, տրաքացնում էին, իսկ տեղաշարժվելն էլ հավասար էր մահվան։ 5 օր շրջափակման մեջ էինք, սոված-ծարավ, չքնած, բայց մի տարօրինակ հավատ էր ընկել մեջներս. հավատում էինք, որ փրկվելու ենք»։