«Խնդրեցի չգնա, ասեց՝ չեմ կարող, ես իմ զինվորներին մենակ չեմ թողնի». ՀԵՐՈՍ Հրաչը զոհվեց՝ պաշտպանելով իրեն վստահված դիրքն ու փրկելով իր զինվորների կյանքը

Հրաչ Վարդանի Գալստյանը Ապրիլյան պատերազմի հերոսներից է: Ծնվել է 1991 թվականի մարտի 20-ին Գյումրի քաղաքում: Սովորել է տեղի թիվ 42 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2011 թվականին ավարտել և մեկնել է Մատաղիս որպես դասակի հրամանատար:

2013 թվականին ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը գործուղվել է Թալիշ որպես մոտոհրաձգային վաշտի հրամանատար: Այնտեղ էլ հանդիպել է Անուշին՝ իր ապագա կնոջը: Ամուսնացել են և որոշել հենց Թալիշում էլ մնալ: Հրաչն անհամբեր սպասում էր առաջնեկի ծնունդին: Այնքան էր ուզում տեսնել, գրկել փոքրիկին: Մեկ ամիս ևս և հայր էր դառնալու: Նոր էր իջել դիրքերից:

Նոր էին հասցրել քնել, երբ Անուշին տագնապած արթնացրեց. «Հարձակում է վեր կացեք արագ»: Չէին հասցրել հագնվել, երբ հրետակոծությունից փշրվեցին պատուհանի ապակիները, թափվեցին Հրաչի վրա: Քերծվածքներն անտեսելով՝ Հրաչը շտապեց կնոջն ու ընտանիքի անդամներին դուրս բերել տնից: Թշնամին լայնածավալ հարձակում էր սկսել սահմանի ամբողջ երկայնքով: Հրաչը հարազատներին ուղեկցեց ապահով վայր, հրաժեշտ տվեց:

Երբ Անուշը ամուսնուն խնդրեց չգնալ, Հրաչը ասաց՝ «Չե՞ս տեսնում ինչ է կատարվում: Չեմ կարող, ես իմ զինվորներին մենակ չեմ թողնի»: Իսկ ծնողների զանգին կարճ պատասխանեց. «Ամեն ինչ լավ է: Մի անհանգստացեք ու էլ մի զանգեք: Երբ հարմար լինի ես կզանգեմ: Անուշին ուղարկել եմ, լավ կպահեք»:

Հրաչն ու մյուս տղաներն արդեն լսել էին Մերուժան Ստեփանյանի և Վիկտոր Յուզիխովիչի զոհվելու լուրը և այդ լուրն անչափ ծանր տարան: Եվ որոշվեց ամեն գնով ետ բերել մեր դիրքերը, այլ ճանապարհ չկար:

Ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը ծառայակիցներին հրամայում է մնալ տեղում և նետվում է առաջ՝ ոչնչացնելու գրոհող տանկը: Նրան է հետևում Գևորգ Վարդանյանը, նրանք խոցում են դիրքին մոտեցող տանկը, փրկում են խրամատում դիրքավորված զինակիցների կյանքը, բայց ընկնում են քաջի մահով ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը:

Հրաչի զոհվելուց մեկ ամիս անց ծնվում է Հրաչի և Անուշի դուստրը՝ հույսով և ուրախությամբ լցնելով Գալստյանների օջախը: Զարմանալի դիպվածով Հրաչն ու նույն անունը կրող պապը մահացան 25 տարեկանում, զարմանալիորեն հենց Հրաչի ծննդյան օրը ծնվեց նրա եղբայր Աղասիի որդի, ում անվանակոչեցին Հրաչ:

Հրաչ Գալստյանը Թալիշի դիրքը ամուր պահելու համար հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…