«Որ աչքերս բացեցի, տաք օդ զգացի, գոռում էի` օգնեք, արձագանք չկար»․ հերոս Կարո Պողոսյանի պատմությունը

Արցախյան պատերազմի թեժ օրերին իրեն բաժին հասած կռիվն էր տալիս 26–ամյա Կարո Պողոսյանը։ Նա հայտնի լուսանկարի հերոսն է, ով իր դրած տնկին էր ջրում։ Բոլորը տարածում էին տղայի լուսանկարն ու խոսում Կարոյի մեծ սրտի մասին։

26–ամյա երիտասարդը ծնունդով Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է, ընտանիքի միակ արու զավակը, երեք ավագ քույր ունի: Արդեն 5 տարի է` ծառայում է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում։

Սեպտեմբերի 27–ից եղել է առաջնագծում` Հորադիզում։ Նրանց դիրքերում կռիվը թեժ է եղել։ Հոկտեմբերի 19–ին տղերքին նահանջի հրաման է տրվել։ Դիրքը փոխելու ժամանակ զինվորներին տեղափոխող ավտոբուսին թշնամու ԱԹՍ–ն է հարվածել։ 22 հոգուց միայն 3–են ողջ մնացել, որոնցից մեկը` Կարոն։

«Որ աչքերս բացեցի, տաք օդ զգացի։ Ուժգին պայթյունն ինձ շպրտել էր ավտոբուսի տանիքին։ Ուզում էի ոտքի կանգնել… բաց կոտրվածք ունեի։ Նայեցի ոտքիս։ Կար, բայց չէի զգում։ Գոռում էի` օգնեք, արձագանք չկար»,– մորը պատմել է Կարոն։

Փրկվածների մեջ է եղել նաև վարորդը։ Նա է օգնել Կարոյին։ իսկ հետո նրան հիվանդանոց են հասցրել։ «Որդուս հայտնի նկարը պատահաբար տեսա, երբ արդեն գիտեի, որ վիրավոր է։ Հա՛մ լացում էի, հա՛մ ուրախանում, որ իմ բալեն փրկվել է էդ պայթյունից: Ինչքան գիտեմ, ընկերներն են լուսանկարել, հենց մարտական գործողությունների ժամանակ: Էն փոքրիկ ճյուղին իր բարությամբ կյանք էր տալիս, Աստված էլ իրեն նոր կյանք տվեց»,-հուզված պատմում է տիկին Շուշանը: