«Ժպիտը դեմքին էր, մտածեցի երևի կատակ է անում, թևին եմ խփում, ասում՝ վեր կաց, նենց կենդանի էր ժպտում». ՀԵՐՈՍ Խաչատուրը զոհվեց Օմարի կարևորագույն բարձունքը գրավելիս

Խաչատուր Հովհաննեսի Խաչատուրյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 31-ին Ռուսաստանում, այստեղ էլ հաճախել է դպրոց, սակայն 12 տարեկանում տեղափոխվել է Հայաստան և ուսումը շարունակել Արզնի դպրոցում, ապա տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի դպրոց, որն էլ ավարտել է 2006 թվականին։

Հայոց բանակ է զորակոչվել 2008 թվականին, որից հետո որոշել է շարունակել ծառայությունը արդեն որպես պայմանագրային ծառայող:

Ամուսնացել է 2012 թվականին, ունի երկու որդի՝ Հովհաննեսը և Մարկը։ Իր կյանքից 12 տարին նվիրել է Հայրենիքին և ծառայությանը։ Ծառայել է հատուկ նշանակության զորքերում, որպես հետախույզ։

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում, թեժ մարտեր մղել թշնամու դեմ զոհվել է հոկտեմբերի 2-ին Քելբաջարում, Օմարի կարևորագույն բարձունքը գրավելիս, դիպուկահարի կրակոցից։

«Ժպիտը դեմքին է զոհվել»,- ասում է Խաչատուրի կինը։ Զոհվել է մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ, քիչ էր մնացել, առաջադրանքը պիտի ավարտեին, չհասցրեց, դիպուկահարը ուղիղ սրտին է կրակել։

Խաչատուրի մահվան լուրն իմանալով հարազատները շտապել են Վարդենիս, քանի որ Քարվաճառում էր ծառայում, այնտեղից էին տեղափոխել Վարդենիս, սկզբում նրանց ասել էին՝ երկու Խաչատուր Խաչատուրյան կա, մեկը՝ վիրավոր է, մյուսը՝ մահացած, ու հարազատները շտապել էին վիրավոր Խաչատուրի սենյակ։ Դուռը բացելուն պես տեսել են՝ ուրիշ Խաչատուր է, ուրախացել են ուրիշ Խաչատուրի համար։ Հետո իրենց Խաչատուրի մոտ են գնացել։

«Ժպիտը դեմքին էր, մտածեցի երևի կատակ է անում, վիրավոր է, Խաչոյի թևին եմ խփում, ասում՝ վեր կաց։ Նենց կենդանի էր ժպտում։ Ընկերներն ասում են՝ ժպիտով էլ մահացել է»,- պատմել է Խաչատուրին փնտրող բարեկամը։

Խաչատուրի ավագ որդին հոր պես ուզում է զինվորական դառնալ, մայրը դեմ է, ասում է՝ ամեն ինչ կանեմ, որ հոր մասնագիտությունը չընտրի, չի ուզում որդին էլ կյանքը վտանգելով ապրի։

Աննան ասում է՝ երազանքները կրկնապատկվել են, Խաչոյի երազանքներն էլ ինքը պետք է իրականացնի.

«Տան մասին էր երազում, ծրագրեր ուներ։ Հիմա ես եմ տան մասին մտածում, մեր բնակարանն ունենանք, տղաներիս, ինչպես իրենց հայրն էր ուզում, արժանապատիվ կյանք տամ։ Խաչոն երեխաների հանդեպ այնքան ուշադիր էր, այնքան նվիրված, հիմա ես իր փոխարեն կրկնակի, եռակի ուշադիր պիտի լինեմ։ Կանեմ այնպես, ինչպես ինքը կուզեր»

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…