«Ինքը թշնամուն շատ մոտ է եղել, կենաց-մահու պայքար է մղել, առգրավվել է 7 ավտոմեքենա ու զենք-զինամթերք». կարդացե՛ք ՀԵՐՈՍ լեյտենանտ Մելիքսեթի պատմությունը

Լեյտենանտ Մելիքսեթ Սարգսի Արոսյանը ծնվել է 1992թ.-ին՝ Շիրակի մարզի Աշոցքի շրջանի Ղազանչի գյուղում: Մելիքսեթը մեծացել է մանկավարժների ընտանիքում.

«Հայրիկս դպրոցում զինղեկ էր, մայրիկս՝ դասվար: Մեր ծնողները մեզ փոքրուց դաստիարակել են ազնիվ, արդար ու հայրենասեր ու եղբայրս՝ տեսնելով հայրիկիս աշխատանքը, թե ինչպես էր նվիրված իր գործին, նույնպես որոշեց ընտրել հենց այդ մասնագիտությունը»,- պատմում է Մելիքսեթի քույրը՝ Շողիկ Արոսյանը ու հավելում, որ եղբայրն արդեն մեկ տարի էր, ինչ գյուղի դպրոցում աշխատում էր որպես զինղեկ, քանզի ավարտել էր Շիրակի պետական համալսարանի ՆԶՊ և ֆիզդաստիարակության ֆակուլտետը։

Մելիքսեթն արժանացել էր սպայի կոչման. «Եղբայրս ծառայել է Արարատի զորամասում, եղել է հետախույզ-դիպուկահար: Այնքան լավ էր ծառայում, որ նկարը մեծադիր պաստառով փակցված էր զորամասում և Երևան-Արցախ մայրուղու ցուցատախտակին»,-ասում է Շողիկն ու արագ-արագ թվարկում իր լեյտենանտ եղբոր՝ ծառայության ընթացքում ստացած պարգևատրումները. «Քաջարի մարտիկ», «Լավագույն մարզիկ», «Բանակի գերազանցիկ»:

Շողիկը հիշում է, որ եղբայրը բարձրանում էր իրենց տան տանիքին ու երգում «Ելի՛ր, դաշնակ Դրո» երգը. «Հորաքույրներս ապրում են Ռուսաստանի Դաշնությունում և եղբորս բազմիցս առաջարկել էին բնակվել իրենց մոտ, սակայն եղբայրս շատ էր սիրում իր հայրենի գյուղն ու Հայաստանը»:

Մելիքսեթը, որպես պահեստազորի անդամ գտնվել է Վանաձորի N զորամասում, այնտեղ էլ նշանակվել է ջոկատի հրամանատար և մեկնել Ջեբրայիլ (Մեխակավան) ու մասնակցել Արցախյան երկրորդ պատերազմի թեժ մարտերին։

Մարտական ընկերները պատմում են, որ Մելիքսեթը շատ մոտ է եղել թշնամուն ու իր դիվերսիոն հետախուզական խմբով՝ հմուտ դիպուկահարությամբ հետ է շպրտել հակառակորդին, ոչնչացրել է նրանցից շատերին, կենաց-մահու պայքար է մղել, առգրավվել է 7 ավտոմեքենա, զենք-զինամթերք ու երբ վիրավորվել է, նրան փորձել են հասցնել հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է։