«Մինչև վերջ էլ ՉՀԱՆՁՆՎԵՑ, վերջին նռնակը հանել, պատրաստ սպասում էր թշնամուն». ՀԵՐՈՍ Ռոբերտ Աբաջյանը դիրքը պաշտպանեց իր կյանքի գնով

Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոցում, ապա ուսումը շարունակել Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում, որը ավարտել է 2014 թվականին՝ ատամնատեխնիկի որակավորմամբ։ Նույն թվականին ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ, սակայն ուսումը կիսատ թողնելով՝ զորակոչվել է Հայոց բանակ: Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսվեց Ապրիլյան Քառօրյա պատերազմը։ Թեժ պայքարի ընթացքում զոհվում է վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, որից հետո ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է՝ զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։

Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, իր հետ մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը։

Մարտական խորշում դիրքավորվելով՝ Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ՝ միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։

Նկատելով իրեն մոտեցող թշնամուն՝ Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս գալիս և ասում, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։

Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին՝ Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան՝ Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի, իր այդ անձնազոհ քայլով նաև փրկելով թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։

Ապրիլի 8-ին, կողմերի միջև նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ իրականացվում են զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները, որի արդյունքում հայկական կողմը հայտնաբերում է Աբաջյանի և Զոհրաբյանի դիերը։

Ապրիլի 11-ին զինվորական կարգով Ռոբերտ Աբաջյանին հողին հանձնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչումով և «Ոսկե արծիվ» շքանշանով։ Աբաջյանը տվյալ տիտղոսի ամենաերիտասարդ կրողն է: Նա ընդամենը 19 տարեկան էր։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…