«Ինքը բանակում չէր ծառայել, բայց կամավոր մեկնեց ռազմաճակատ». ՀԵՐՈՍ Թորգոմը մինչև վերջին շունչը մնաց ու պայքարեց թշնամու դեմ
Թորգոմ Արամի Վարդանյանը ծնվել է 1992 թվականի ապրիլի 4-ին Երևանում։ Սովորել է թիվ 51 անգլիական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել 59 պարսկական դպրոցում, որտեղից էլ տեղափոխվել է թիվ 127 դպրոց։
44-օրյա պատերազմի բոթը լսելուն պես Թորգոմը որոշում է մեկնել պատերազմ։ Քանի որ բանակում չէր ծառայել, դժվար է լինում սպայական կազմին համոզել, սակայն 2 օր շարունակ տևած համառ պայքարից հետո արդեն սեպտեմբերի 29-ին աշխարհազորայիների ջոկատով մեկնեց ռազմաճակատ։
Պատերազմի ընթացքում մեկ ամիս եղել է Հադրութում։ Աչքի է ընկել իր պատրաստակամությամբ։ Ընդամենը օրերի տարբերությամբ նախ դաստակի վիրավորում է ստացել, այնուհետև` ուսի, բայց շարունակել է մինչև վերջ մնալ մարտի թեժ կետերում՝ անտեսելով վնասվածքները։

Մինչև վերջին շունչը չի լքել իրեն վստահված դիրքը և մենակ չի թողել զինակից ընկերներին։ Մեկ շաբաթից ավել Հադրութում շրջափակման մեջ էին։ Հոկտեմբերի 28-ին Թորգոմին և նրա զինակից ընկերներին հաջողվում է դուրս գալ շրջափակումից, որից հետո տեղափոխվում են Մարտունի։
Հոկտեմբերի 29-ին հերթական առաջադրանքը կատարելիս հակառակորդի արկի պայթյունից Թորգոմը ծանր վիրավորվում է և տեղափոխվում Ստեփանակերտի հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվում փրկել նրա կյանքը։
Հերոսը հուղարկավորվել է 2020 թվականի նոյեմբերի 5-ին Աբովյան քաղաքում` իր պապիկի կողքին։
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…