«Մա՛մ, կարող ես պարծենալ, տղեդ 11 զինվորների կյանք է փրկել». կարդացե՛ք ՀԵՐՈՍ Վրեժ Մարտիրոսյանի պատմությունը

Վրեժ Մուկուչի Մարտիրոսյանլը ծնվել է 2000թ-ի նոյեմբերի 4-ին Վանաձորում: 2006թ-ին ընդունվել է Վանաձորի N 24 միջնակարգ դպրոցը: 9-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վանաձորի Պոլիտեխնիկական քոլեջի Ռոբոտաշինություն բաժնում: 2019թ-ի հունվարի 25-ին «Ես եմ» ծրագրով զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Մարտունի 3-ում:

Վրեժը շատ էր սիրում երգել, շատ լավ ձայն ուներ: Ակորդեոն էր նվագում: Կարճ ժամանակով հաճախել է բոքսի և գիմնաստիկայի պարապմունքների:

«Զորակոչվելուց հետո ցանկություն ուներ շարունակել ուսումը և դրա հետ զուգահեռ «Ես եմ» ծրագրի կողմից հատկացված գումարով անձնական սրճարան բացել: Շատ ընկերասեր էր Վրեժս: Հոգատար էր ընտանիքի հանդեպ: Ոչինչ չէր խնայի թե՛ մեր, թե՛ ընկերների համար: Բարի սիրտ ուներ»,- պատմում է հերոսի մայրը՝ Արեգնազ Մարտիրոսյանը:

Պատերազմի ընթացքում կարճ ժամանակով նրանց տեղափոխել էին Հադրութ: Համառ մարտեր մղելուց հետո Վրեժն ընկերների հետ միասին եղել է անտառներում: 13 զինվոր 15 օր գտնվել են շրջափակման մեջ: Իր գծած պլանի շնորհիվ 11 զինվորի կյանք է փրկել: Դրանից հետո զանգել է մորը և ասել՝ մամ, կարող ես պարծենալ, զինվորների կյանք եմ փրկել:

«Բառերը քիչ են Վրեժին նկարագրելու համար: Շատ ընկերասեր էր, անշահախնդիր, բարեսիրտ, կամեցող, լավ տղա, հավատարիմ ընկեր: Ընկերասեր ասելով նկատի ունեմ, որ ամեն ինչ կաներ ընկերոջ համար՝ անկախ ժամանակից ու պայմաններից: Անգամ կյանքն էլ չէր խնայի: Շատ բան եմ սովորել իրենից: Իր հետ շփվելով հասկացել եմ, թե որն է իրական ընկերությունը, ինչ է նշանակում «ընկեր» ասվածը: Սովորել եմ լինել առատաձեռն, անշահախնդիր: Իր մարդկային արժեքները վեր էին ամեն ինչից»,- պատմում է Վրեժի ընկերը՝ Վալեր Հարոյանը:

Վրեժի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 23-ին: Հոկտեմբերի 24-ին հերոս Վրեժը վիրավորում է ստացել ԱԹՍ-ից ու անմահացել:

Փառք ու պատիվ մեր քաջ զինվորին: Խոնարհվում ենք…