Լիտվացի ականավոր բանաստեղծ Է. Մեժելայտիսը Հայաստանը համարել է իր երկրորդ հոգևոր հայրենիքը. գիտե՞ք՝ ինչ է ասել նա Համո Սահյանի մասին

Լիտվացի ականավոր բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը Հայաստանը համարել է իր երկրորդ հոգևոր հայրենիքը։ Այդ է պատճառը, որ իր ստեղծագործության մեջ զգալի տեղ հատկացրեց Հայաստանին ու հայոց մեծերին։ Նա լիտվերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմը (հատվածներ), ինչպես նաև Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի և այլ գրողների ստեղծագործություններ։

Սիրելով Հայաստանը, այս երկրին է նվիրել բանաստեղծությունների ու հոդվածների երեք գիրք՝ «Քարե գինի» (թարգմ.՝ Վ. Դավթյանի, 1982 թ.), «Իմ կրկնակի Արարատը» և «Ճակատագրի թաս» (1998 թ.)։ Գրականագետ Ֆելիքս Բախչինյանը հրատարակել է Էդուարդաս Մեժելայտիսին նվիրված չորս մենագրություն («Ոգեղեն համանվագ» հայերեն, 2006 թ., «Звездная исповедь» ռուսերեն, 1989 թ., «Уроки поэта» ռուսերեն, 2002 թ. և «Sauleta lyra» լիտվերեն, 1983 թ.): 

Էդուարդաս Մեժելայտիսը 1975 թ. արժանացել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման, իսկ 1982-ին՝ Եղիշե Չարենցի անվան մրցանակի։ 1979 թ. ապրիլի 24-ին Մեժելայտիսը կնոջ՝ Ստասյա Մեժելայտենեի հետ հայ գրողների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ։ 1979 թ. ապրիլի 18-ից մայիսի 5-ի ուղևորությունից հետո ծնվեց նրա «Քարե գինի» բանաստեղծությունների ժողովածուն, որի մի շարքը՝ «Խորաններ, խազեր, խաչքարեր», նվիրված էր Հայոց Մեծ Եղեռնին։ 

Մեժալտայիսը Համո Սահյանի մասին ասել է.

Վարպետի՝ բնության մասին գրած բանաստեղծությունները քեզ տեղափոխում են նախապատմական ժամանակների հախուռն ու լուսնկա հոսքի մեջ, քեզ պարուրում վաղնջական օրերի ու գույների մաքրությամբ։ Ավելի ճիշտ՝ հարստացնում...
Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ, նրա բնապաշտական երգերն իսկ բավական են նրան դասելու հայ պոեզիայի նվիրյալ մեծերի շարքում: