Գիտե՞ք՝ ինչպես է առաջացել  Նիկողայոս Ադոնց կեղծանունը. եկեք պարզենք

 Հայ պատմաբան, բյուզանդագետ և բանասեր Նիկողայոս Գևորգի Տեր-Ավետիսյանը բոլորին հայտնի է Նիկողայոս Ադոնց կեղծանվամբ:

Եկեք պարզենք՝ որտեղից է առաջացել նրա կեղծանունը:

Գիտնականն իր «Դավիթ Բեկ և Տեր Ավետիքի սերունդը» հոդվածում, որը գրվել է 1937 թվականին Բրյուսելում և առաջին անգամ տպագրվել է Բոստոնի «Հայրենիք» ամսագրում` նույն թվականին, հաղորդում է իր Ադոնց ազգանվան հետ կապված հետաքրքիր մի փաստ։ Նա հավաստում է, որ իր նախապապը եղել է Դավիթ Բեկի զինակիցներից Տեր Ավետիք քահանան, որի քաջության շնորհիվ առնվեց Զևու բերդը՝ Դավիթ Բեկի ամենանշանավոր հաղթանակը։

Ադոնց տան պաշտոնական ազգանունն է Տեր-Ավետիքյան։ Այդպես էի կոչվում նաև ես Ս. Էջմիածնի ճեմարանում աշակերտելիս։ Երբ հետո ռուսական գիմնազիոն մտա Թիֆլիսի Երկրորդ գիմնազիոնը, դպրոցի դիվանը, ռուսական սովորությամբ, փոխեց անունս Տեր-Ավետիքով։ Տեսուչը չեխ մարդ էր Դրբոգլավ, հեռու ռուսամոլությունից։ Վստահելով նրա բարյացակամ վերաբերումին նկատեցի, որ անունս աղավաղել են և չեն ուզում ուղղել։ Շատ սառը պատասխանեց, որ տրտունջի տեղը չէ և պետք է հնազանդվել դպրոցական կարգերին։ Գիմնազիոն ավարտելիս չուզեցի բնավ, որ վկայականի մեջ Ավետիքով գրեն, որով ընդմիշտ պաշտոնական ձև պիտի առներ և համալսարանում և հետո, ուստի գրեցի Երևան կոնսիստորիա և ստացա վկայաթուղթ, թե Տեր-Ավետիքյան է նույն Ադոնց։ Ավարտական քննությունների ժամանակ ես արդեն Ադոնց էի և ոչ Ավետիքով:

Նա բացատրում է նաև, որ Ադոնց տունը Բռնակոթում բնիկ չէ, այլ եկվոր. զանազան փաստերով հիմնավորում է, որ Ադոնց տունն ունի իշխանական ծագում։