«Կռացա, որ վերցնեի, թուրքը տեսավ ու դանակը նետեց ինձ վրա, որը դիպավ կողքիս»․ գիտե՞ք, թե ինչ կապ կա Շիրազի այս խոսքերի ու գրողի սիրելի մրգի միջև

Շիրազի մասին մեզ բավականին շատ ու հետաքրքիր պատմություններ են հասել։ Դրանցից շատերի մասին մեզ պատմել է հենց ինքը՝ Շիրազը, իսկ շատերի մասին մենք իմացել ենք իր ընկերների ու բարեկամների շնորհիվ։ Այդ պատմություններից շատերը ծիծաղելի ու թեթև են թվում, բայց իրականում իրենց մեջ խորը իմաստ են պարունակում։ Այս պատմությունը հիշել է Շիրազի քրոջ թոռը՝ Նարինե Խաչատրյանը․

«Տասը տարեկան էի, որ դպրոցում սովորում էինք Շիրազի բանաստեղծությունները: Ուսուցչուհիս բացատրեց, որ Շիրազը մեծ գրող է, և նրա բոլոր ստեղծագորությունները պետք է անգիր սովորենք: Շատ էի ոգևորվել, հպարտանում էի, որ մեր Շիրազ քեռին մեծ բանաստեղծ է, մինչ այդ` սովորական քեռի էր: Սկսեցի անգիր անել բանաստեղծությունները:

Այդ տարի աշնանը Գոհար տատս ինձ տարավ Երևան` Շիրազի տուն: Ինչպես միշտ, մեր բոլոր այցելություններն անցնում էին ջերմ մթնոլորտում:

Այդ օրը փոքրիկ սեղանի վրա խաղող էր դրված, որը Շիրազի սիրելի միրգն էր: Մի քանի անգամ ասաց, խաղողն ուտելու համար է դրված, կերե՛ք, հետո տեսավ, որ չենք ուտում, ասաց.

«Մանուկ հասակում գետնին ընկած խաղողի վրա արև էր ընկել, այնպես էր փայլում, կարծես արև լիներ: Կռացա, որ վերցնեի, թուրքը տեսավ ու դանակը նետեց ինձ վրա, որը դիպավ կողքիս: Այդ սպին մինչ հիմա կա։ Երբ խաղող չեք ուտում, սպիս ցավում է ու կենդանանում»,- պատմեց Շիրազը և ցույց տվեց կողքի սպին:

Մինչ օրս, երբ խաղող եմ ուտում, նրան ու իր պատմությունն եմ հիշում»: