«Մեզ նման ընտանիք սիրող ազգ չկա աշխարհում»․ միայն հայրենիքը սիրող մարդը կարող էր այսպես արտահայտվել, ինչպես դա արել է Սոս Սարգսյանը

Սոս Սարգսյանը եղել է հայ լավագույն դերասաններից մեկը։ Նա եղել է եզակի ու յուրահատուկ մարդ հայկական կինոյում ու թատրոնում։

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից են` «Նվագախմբի տղաները»‚ «Տերն ու ծառան», «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Խաթաբալա», «Նահապետ»‚ «ՁորիՄիրո», «Գիքոր» , «Խնձորիայգին»։

Այս հատվածը, որտեղ անվանի դերասանը նկարագրում է հայ ժողովրդին, իր 80-ամյակին արված հարցազրույցից է։

«Մեր ժողովուրդն ունի բնավորության գծեր, որոնք անանցանելի արժեքներ են, դրանք փոխանցվում են սերնդեսերունդ, դառնում հայի էության միջուկը, հավաքական նկարագրի բաղադրիչը։ Հայերը կենսունակ են, դիմացկուն, համառ։ Մորաքրոջս ամուսինը՝ Այվազը, վտիտ մարդ էր, Ալավերդիում էր ապրում։ Նրան հողամաս տվեցին Դեբեդի ափին։ Դե, Ալավերդիում հող որտեղի՞ց, քարքարոտ տարածք էր։ Այվազն այն դրախտ դարձրեց։ Մի օր Դեբեդը կատաղեց, դուրս եկավ ափերից ու քշեց-տարավ Այվազի՝ տարիների աշխատանքը։ Բայց Այվազը չհուսահատվեց, ասաց՝ աշխարհը չքանդվեց, նորից կտնկեմ, կցանեմ… Որոշ ժամանակ անց տարածքը կրկին ծաղկեց։

Մենք լավատես ենք, հավատավոր։ Մի անգամ պատերազմից վերադարձած հորս հարցրի, թե՝ չէի՞ր վախենում պատերազմի դաշտում, չէի՞ր վախենում, որ կզոհվես։ Հայրս ասաց՝ պատերազմը սոսկալի էր, դաժան սպանդ էր։ Բայց ես գիտեի, որ ապրելու եմ։ Մտածում էի՝ 6 երեխա ունեմ, ոնց էլ լինի, 6-ից մեկը բախտ կունենա, ու ես կապրեմ, կհասնեմ իմ զավակներին, կպահեմ-կմեծացնեմ նրանց։

Մեզ նման ընտանիք սիրող ազգ չկա աշխարհում, ինչքան էլ այսօր վրդովվենք, թե բաժանությունները շատացել են, միեւնույն է, հայ ընտանիքն ամենաամուրն է, ամենահաստատունը, ամենաջերմը։

Մենք սիրում ենք մեր ծերերին։ Օրերս ես մի ընտանիքում եղա, որտեղ տատիկ կար։ Ընտանիքն այնքան գեղեցիկ էր այդ տատիկի ներկայությամբ, իսկական հայի ընտանիք էր։

Մենք բարի ժողովուրդ ենք, ճակատագիրը միշտ հարվածել է մեզ, բայց մենք չենք կորցրել հոգու լույսը։ Սերը չենք կորցրել»։