«Սիրտս ուզում է այդ հյուսը կտրել». միայն իմանաք՝ ինչպես են ծանոթացել Վ. Տերյանն ու նրա սերերից մեկը՝ Անթառամը

Մոսկվա. 17 համարի տրամվայ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,- լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:

Անթառամն այս մասին հիշում է․

«1908թ աշնանը, երբ նախքան դասընթացներն ընդունվելս եղբորս հյուր եղա Մոսկվա, մի անգամ Կոլյա Վարագովի՝ Դավթի ճեմարանական դասընկերոջ հետ Տվերսկայա  փողոցով գնում էինք Ելիսեևի խանութի մոտի տրամվայի կանգառը: Այն րոպեին, երբ բարձրանում էինք տրամվայի աստիճանին, Վահանը տեսավ Կոլյային և իմ երկար հյուսերը: Չգիտեմ, նա հասցրե՞լ էր  մի ուրիշ բան ասել, բայց լսեցի , որ Վահանն ասաց. «Սիրտս ուզում է այդ հյուսը կտրել»: Կոլյան, թե՝ «Ի​՞նչ ես ասում: Ախր սա Դավիթ Միսկարյանի քույրն է»: Ես առաջ անցա, իսկ նրանք մնացին տրամվայի վերջի հարթակում: Երբ տրամվայից իջանք, Կոլյան ինձ ծանոթացրեց Վահանի հետ: Իսկ ցած իջանք Մյասնիցկայա փողոցում, քանի որ գնում էինք հայկական եկեղեցի: Պարզվեց, որ Վահանն էլ էր գնում եկեղեցի: Օրը կիրակի էր: Եկեղեցու մոտ շատ ժողովուրդ  կար: Ես եկեղեցի մտա երգչախմբին լսելու, իսկ Կոլյան ու Վահանը մնացին բակում, ինչպես այն ժամանակ ասում էին՝ «հարսնացու տեսնելու»: