Թուրք լրագրողը մեղադրել է Ադրբեջանին և Թուրքիային՝ հայկական ժառանգության ոչնչացման համար

Իսրայելցի թուրք լրագրող Ուզայ Բուլութը հոդված է հրապարակել Providence կայքում, որտեղ նա մեղադրել է Ադրբեջանին պատմությունը կեղծելու մեջ և դատապարտել Ադրբեջանի կառավարության որոշումը՝ ջնջել հայկական մակագրությունները Լեռնային Ղարաբաղի (Արցախ) կրոնական հուշարձանների վրա:

Լրագրողը նշում է, որ Ադրբեջանի այս որոշումը Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) վճռի ուղղակի խախտում է։ Այս որոշման մեջ ասվում է, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք ազդում են հայկական մշակութային ժառանգության վրա:

Բուլութը հիշեցրել է, որ սա հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու Ադրբեջանի առաջին փորձը չէ։ Թուրք լրագրողն անդրադարձել է նաև 1914-23 թվականների ցեղասպանությունից հետո Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման խնդրին։

Հայերին պատկանող տները, եկեղեցիները, դպրոցական շենքերը և այլ կառույցներ անհետացել կամ վերածվել են մզկիթների, պահեստների ու ախոռների։

Նմանատիպ մշակութային հանցագործություններ են կատարվել նաև Թուրքիայում ասորիների և հույների նկատմամբ։ Ժամանակին աշխարհի ամենամեծ եկեղեցին, Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի հունական եկեղեցին առաջին անգամ վերածվել է մզկիթի այն բանից հետո, երբ օսմանյան թուրքերը քաղաք ներխուժեցին։

Created by ImageGear, AccuSoft Corp.

1935 թվականին թուրքական կառավարության կողմից այն հետագայում վերածվել է թանգարանի։ 2020 թվականի հուլիսին պատմական նախկին եկեղեցին կրկին վերածվել է մզկիթի։ Մեկ ամիս անց մեկ այլ պատմական հունական եկեղեցի՝ Չորանը, նույնպես վերածվեց մզկիթի։