Երևանյան հայտնի գործարանի մութ պատմությունը․ նրա համբավը տարածված էր Կովկասով մեկ

Այսօր թերևս քչերն են հիշում կամ տեղյակ Երևանի լիմոնադի և հանքային ջրերի գործարանի մասին։ «Լաստո» անունը կրող զովացուցիչ ըմպելիքների երևանյան գործարանը հիմնադրվել էր 1892 թ-ին գործարար և բարեգործ Խաչատուր Գիլանյանի կողմից, և այն փաստացի իր տեսակի մեջ  առաջինը հանդիսացավ ներկայիս Հայաստանի տարածքում:

Խաչատուր Գիլանյանը ծնվել է Երևանում 1864 թ-ին: Մեկնել է Բաթում, որտեղ աշխատել է հայ գործարարներ Ծովյանների լիմոնադի գործարանում: Այստեղ էլ հենց նա ստանում է այն անհրաժեշտ աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները, որոնք շուտով այդքան պետք էին գալու իրեն՝ սեփական գործը սկսելու համար:

1892-ին Գիլանյանը վերադառնում է Երևան և հիմնում մրգային զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը: Արարատյան դաշտի դեղձի, ծիրանի, սալորի և այլ մրգերի համերով ըմպելիքները սիրվում են երևանցիների կողմից:

Առավել հայտնի էին Գիլանյանի գործարանի «Սիտրո» և «Վեներա» լիմոնադները, իսկ նրան հանքային ջուրը բուժիչ հատկություններ ուներ: Սակայն բոլորին գերազանցեց «Կոֆե» անվանումով և սրճային յուրահատուկ բույր ու համ ունեցող գազավորված զովացուցիչ ըմպելիքը, որն ընդհանրապես առաջինն էր մեր շուկայում:

1897 թ-ին Կիևում կազմակերպված համառուսաստանյան գյուղատնտեսական ցուցահանդեսին «Լաստո» գործարանի արտադրանքը իր բարձր որակի համար ստանում է բարձրագույն մրցանակ, իսկ 1898-ին Պրահայի միջազգային ցուցահանդեսում արժանանում է ոսկե մեդալի:

Նշենք, որ Խաչատուր Գիլանյանը հայտնի է եղել նաև որպես հասարակական գործիչ և բարերար: Մասնավորապես, նա մեծ օգնել է մազապուրծ եղած և Երևանում ու Էջմիածնում ապաստանած արևմտահայ փախստականներին:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո նրա գործարանը ազգայնացվում է, և վերաբացվում, իսկ Խաչատուր Գիլանյանը աշխատանքի է անցնում նախկինում իր սեփականությունը հանդիսացող գործարանում՝ դառնալով ըմպելիքների պատրաստման մասնագետ և աշխատում է այնտեղ մինչ իր մահը՝ 1932 թվականը:

Տեղեկացնենք, որ Երևանի «Լաստո» լիմոնադի գործարանը տեղակայված էր Երևանի կենտրոնում ՝ Վազգեն Սարգսյանի փողոցի վրա: Մի քանի տարի առաջ այն քանդվեց, իսկ տեղում կառուցվեց բիզնես կենտրոն: