«Օրս սկսվեց ու ավարտվեց Մհերով, առաջինը ծնունդս շնորհավորեց ու ասեց՝ կխոսենք, բայց էդպես էլ չզանգեց». կարդացե՛ք 19-ամյա ՀԵՐՈՍ ՄՀԵՐԻ մասին

Վանաձորցի Մհեր Քոչինյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 19-ին։ Ընտանիքի ամենափոքրն էր, ունի երեք քույր։

«Իմ և եղբորս տարիքային տարբերությունը 16 տարի է։ Ես միշտ նրան վերաբերվել եմ ինչպես իմ երեխայի։ Չնայած այս ամենին, նա հոգատար էր թե՛ իր 3 քույրերի, թե՛ մեր երեխաների հանդեպ»,- պատմում է Մհերի քույրը՝ Վիկտորյա Քոչինյանը։

Մհերը սովորել է Վանաձորի թիվ 4 միջնակարգ դպրոցում, 9-րդ դասարանից հետո ուսումը շարունակել է Գյուղատնտեսական քոլեջում` հաշվապահական հաշվառում բաժնում։ Խելացի էր, բարի ու ընկերասեր։ Վաղ տարիքից զբաղվել է ֆուտբոլով, ոտքի վնասվածքից հետո ուժերը փորձել է ծանրամարտում, որտեղ գրանցել է լուրջ հաջողություններ։ Վանաձորի առաջնություններում պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին էր կանգնում։ Նպատակն էր դառնալ աշխարհի չեմպիոն։

Ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ծանրամարտի բաժին։ Մեկ տարի ուսումնառությունից հետո զորակոչվել է ՀՀ ԶՈւ։ Ծառայության առաջին վեց ամիսներն անցել են Հոկտեմբերյանում, այնուհետև տեղափոխվել է Որոտան (Կուբաթլու)։

Ծառայության սկզբում լավ վարքի և գերազանց ծառայության համար ամիսը երկու անգամ տուն էր գալիս։ Լավ ծառայության կապակցությամբ շնորհակալագիր են ուղարկել տուն։ Մհերն արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշաններին։ Մանակցել է Ռուսատանի Աստրախան քաղաքում տեղի ունեցած «Կովկաս 2020» զորավարժություններին։ Տանկային անձնակազմի հրամանատար էր։

Հերոս Մհերը մասնակցել է Լաչինի, Լիսագորի, Ջաբրայիլի և Շուշիի մարտերին։ Վերջինիս համար մղվող մարտերում էլ նոյեմբերի 9-ին հերոսաբար զոհվել է։

«Օրս սկսվեց ու ավարտվեց Մհերով, առաջինը ծնունդս շնորհավորեց ու ասեց՝ կխոսենք, բայց ես չգիտեի, որ այդ խոսելը արդեն ուրիշ ձև է լինելու՝ դա լինելու է իմ մտքում։ Ահավոր ցավ էի զգում, որ իմ ընկերը զոհվեց իմ ծննդի օրը, բայց երբ ուշքի եկա, հասկացա, որ դա հենց այնպես չի եղել, ինքն այդ օրը վերածնվեց իմ մեջ ու ես ապրեցնելու եմ իրեն։ Ամբողջ կյանքում իրենից չէի նեղացել, հիմա կարոտում եմ ու նեղանում, որ երազներիս չի գալիս, գոնե այդպես կարոտս առնեմ»,- պատմում է Մհերի մանկության ընկերը՝ Արշո Այվազյանը։