Ինչպե՞ս կայսրն ամուսնացրեց 2 հայ որբերի. Մի ընտանիքի պատմություն

Ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հայ որբեր տարբեր ճակատագրեր ունեցան։ Նրանցից 40-ը հայտնվեցին Եթովպիայում՝ դառնալով կայսերական նվագախմբի անդամներ։ Նվագախմի անդամներից մեկի որդին բացառիկ մանրամասներ է հաղորդել ծնողների մասին։ Այդ մարդու անունը Վաչե Զատիկյան է։ Նա Գրիգոր Զատիկյանի և Սիրան (Սիրուն) Մաղաքյանի որդին է։

«Որբ էր ոչ միայն հայրս, այլև մայրս․ հայրս ծնվել է 1906 թ-ին Դարանդա գյուղում, մայրս՝ 1914 թ-ին՝ Վանում։ Երկուսն էլ Ցեղասպանություն վերապրածներ են, հրաշքով փրկվել են ու որբանոցում հայտնվել»։ 1922 –ին` Երուսաղեմի Արարատյան որբանոցում են հանդիպել Վաչեի մայրն ու հայրը։ Այս տարիներին կազմավորվում է որբանոցի փողային նվագախումբը՝ «Ֆանֆարի խումբը»։ Նվագախմբի երաժիշտների շարքում ընդգրկվում են Վաչե Զատիկյանի հայրը (բաս) և մորեղբայրը (կլառնետ):

1924թ.-ին Եթովպիայի վերջին կայսրը` Րաս Թաֆարի Մաքոննեն այցելում է Երուսաղեմ, լինում Հայոց պատրիարքարանում, որտեղ նրան դիմավորում է «Ֆանֆարի խումբը»: Երաժշտասեր փոքրիկների կատարումն այնքան է դուր գալիսկայսրին, որ նա դիմում է հայոց պատրիարք Եղիշե Դուրյանին, ցանկություն հայտնում որդեգրել փոքրիկներին և իր հետ տանել Եթովպիա` խոստանալով հոգ տանել որբերի մասին:

Քանի որ որբանոցում տեղի խնդիր կար հայոց պատրիարքն ու որբանոցի ղեկավարությունը համաձայնում են: 1924-ի սեպտեմբերի 6-ին հայ մանուկները, նրանց թվում Գրիգոր Զատիկյանն ու Մուշեղ Մաղաքյանը, ժամանում են Ադիս Աբեբա․ Սիրանը մնում է Երուսաղեմում։

40 հայ որբերը ձևավորում են Եթովպիայի կայսերական փողային նվագախումբը: 1930թ.-ի նոյեմբերի 2-ին` կայսեր թագադրման արարողության ժամանակ, հենց այդ նվագախումբը կատարեց Եթովպիայի ազգային օրհներգը:

Հայրն այնքան ճանաչված ու հարգված մասնագետ էր Ադիս Աբեբայում, որ իր այցեքարտն ուներ։ Անցնում են տարիներ, Սիրանը տեղափոխվում է Բեյրութի որբանոց, բայց արդեն մեծ էր, ուստի պետք է լքեր որբանոցը։ Նրա եղբայրը՝ Մուշեղը, կայսերը խնդրում է թույլ տալ քրոջը բերել իր մոտ։ Կայսրը թույլ է տալիս։

30-ականների սկզբում Սիրանը փոխադրվում է Եթովպիա։ Գրիգորն ու Սիրանը կրկին հանդիպում են, այս անգամ արդեն երկուսն էլ երեխա չէին, սիրահարվում են և որոշում ամուսնանալ։

Երկու հայ որբերի հարսանիքը թագավորական շուքով ու թագավորական նվերներով է անցնում․ կայսրուհին Սիրանին նվիրում է տոնական պայուսակն ու փղոսկրից ծխամորճ, իսկ կայսրը Գրիգորին` արծաթե ծխախոտատուփ և սադափե ծխամորճ։

1935 թվականին Եթովպիայում ծնվում է Գրիգորի և Սիրանի առաջնեկը՝ Անդրանիկը։ Գրիգորը շարունակում էր նվագախմբում նվագել, զբաղվել ժամագործությամբ, ոսկերչությամբ, իսկ Սիրանն ասեղնագործություն էր դասավանդում տեղի հայկական կիրակնօրյա դպրոցում։ Գրիգոր Զատիկյանը մահացել է 1982 թվականին, Սիրան Մաղաքյանը՝ 1987-ին։ Նրանք ապրել են միասին շուրջ կես դար։ Եղել են հաշտ ու համերաշխ։