Գիտե՞ք՝ ինչ նպատակով էին Արցախի գլխավոր ռազմավարական հանգույցներում մելիքական ապարանքներ կառուցում. եկեք պարզենք

Վաղ միջնադարից սկսած և հատկապես ուշ միջնադարում թշնամիների անընդմեջ կրկնվող արշավանքներից պաշտպանվելու նպատակով Արցախի գլխավոր ռազմավարական հանգույցներում, հիմնականում անմատչելի լեռնային բավիղներում, կառուցվել են բերդեր և պաշտպանական այլ ամրություններ։

Դրանցից հայտնի են Խոխանաբերդը, Կաչաղակաբերդը, Շիկաքարը, Խաչենաբերդը, Ծիրանաքարը, Ականաբերդը, Հանդաբերդը, Ջրաբերդը, Գյուլիստանի, Փառիսոսի բերդերը, Մայրաբերդը, Մածնաբերդը, Դողը, Գոռոզը, Ցորաբերդը, Խոժոռաբերդը, Ամատուկը, Դիզափայտը, Քոչիզը, Շոշի բերդը և այլն։ Պաշտպանական կարևոր նշանակության այս շինություններն իրար հետ կապված են եղել հատուկ ազդանշանային համակարգով և վտանգի դեպքում շրջակա գյուղերի բնակիչներն անարգել կարող էին պատսպարվել վերոհիշյալ բերդերում։

Արցախը Ռուսաստանին անցնելուց հետո (18-19-րդ դարեր) երկրամասում ռազմաքաղաքական իրավիճակը ինչ-որ չափով կայունացել է։ Արցախի հզոր բերդերն ու ամրությունները կորցրել են իրենց նախկին դերն ու նշանակությունը։ Բնական աղետների և մարդու անտարբեր վերաբերմունքի հետևանքով, տարիների ընթացքում քաղաքակրթության այդ նմուշների զգալի մասը անվերադարձ աներևութացել են՝ թողնելով միայն մի բարի հուշ նախնիների հերոսական անցյալի և հզոր կամքի մասին։

12-13-րդ դարերում Արցախում առավել հատկանշական է դարձել ճարտարապետության աշխարհիկ ճյուղի աննախընթաց զարգացումը։ Կառուցվել են նորատիպ աշխարհիկ շենքեր, պալատներ, ուր լայնորեն օգտագործվել են ժողովրդական բնակարանի շինարարության դարավոր ավանդույթները։ Դրանցից առավել հայտնի են Հասան Ջալալ իշխանի ապարանքը՝ Խոխանաբերդում, Վախտանգյանների աարանքը՝ Դադիվանքում, Դոփյանների ապարանքը՝ Ծարում, Դադիվանքի առաջնորդական ապարանք «տաճարը», որն ամբողջական վիճակում այսօր էլ կանգուն է։