«Գերության մեջ գտնվելու 10 ամիսների ընթացքում չեմ կորցրել հույսս, աղոթել եմ ու Աստվածաշունչ կարդացել». գերությունից վերադարձած ՀԵՐՈՍ ՄԵԼՍԸ պատմում է իր անցած ուղու մասին

Մելս Ամբարդարյանը Բաքվում գերության մեջ գտնվելու 10 ամիսների ընթացքում չի կորցրել հույսը, աղոթել է, Աստվածաշունչ կարդացել, իսկ նամակ գրելը մի ուրիշ արարողակարգ է եղել, մինչև հաջորդ ամսվա նամակի օրը մտքերը գրի է առել:

Գրեթե ամեն օր Մելս Ամբարդարյանի համար օրը սկսվում է աղոթքով, ասում է՝ վերջերս միայն եկեղեցում է կարողանում գտնել իր հանգստությունը: Մելս Ամբարդարյանը հոկտեմբերին է հայրենադարձվել ադրբեջանական գերությունից:

Մելսը մարտական մկրտություն է ստացել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ ժամկետային զինծառայող էր:

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ կամավոր է մեկնել ռազմաճակատ, որպեսզի եղբոր կողքին լինի. Մելսի եղբայրը՝ Տիգրանը, սպա է, ով մինչ օրս շարունակում է ծառայել հայրենիքին: Մելսը պատմում է, որ  հոկտեմբերի 3-ին, երբ իրենց տեղափոխեցին  Ջրական, գրեթե նույն զգացողությունն է ապրել, ինչ 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Մատաղիսում:

Շիրակցի կամավորականը գերեվարվել է դեկտեմբերի 13-ին Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում:

«Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ՄՕԲ գումարտակը մարտական առաջադրանք է ստացել, պիտի գնային Գորիս, բայց վերջին պահին ուղղությունը փոխվել է դեպի Բերձոր, այնտեղից էլ ուղարկել են Խծաբերդ, Հին թաղեր:

Ես եղել եմ Բաքվի  բանտում, 62 շիրակցիներս նույն կալանավայրում էինք, բայց տարբեր խցերում: Մեզ դատապարտել էին 6 տարվա ազատազրկման, որպես «տեռորիստ», բայց հետո էդ հոդվածը հանվեց, և այս պահին տղերքին դատել են զենք-զինամթերքով սահմանախախտման մեջ»,- պատմում է Մելս Ամբարդարյանը:

Մելսը գերության մեջ գտնվելու 10 ամիսների ընթացքում չի կորցրել հույսը, աղոթել է, անգամ խնդրել է Կարմիր խաչից, որպեսզի իրեն Աստվածաշունչ բերեն:

Մելսն ասում է, որ նամակ գրելը մի ուրիշ արարողակարգ էր իր համար, մինչև հաջորդ ամսվա նամակի օրը մտքերը գրի էր առնում, փորձում ամեն հույզ, ամեն զգացում տեղավորել թղթի մեջ, մի նամակի մեջ փորձում էի ամբողջ կյանք տեղավորել:

«Ինձ համար այդ ամենը վատ երազ էր, որ անցավ ու մոռացվեց… կյանքը շարունակվում է: Ես հավատացել եմ, որ այդ ամենն ավարտվելու է, և մենք հետ ենք վերադառնալու: Մեր ծնողների աղոթքներն են մեզ պահել ու պահպանել»,- եզրափակում է գերությունից վերադարձած կամավորականը: