«Ոչ ոք , ասում են, ոչինչ չի տանում, բայց եթե լիներ մի բան տանելու համար». գիտե՞ք՝ ինչ էր ցանկանում իր հետ տանել Համո Սահյանը

Հարություն Հովնաթանի այն հարցին, թե ոչ ոք , ասում են, ոչինչ չի տանում, բայց եթե լիներ մի բան տանելու համար…, Համո Սահյանը նման պատասխան է տվել.

Հետս Տերյանի փոքրիկ ժողովածուն կտանեի: Թումանյանը ամենամեծն է: Թումանյանը շատ է օբեկտիվ, պիտի երկար մտածես, որ քեզ ջերմացնի: Իսահակյանին եմ մոտենում` այրում է: Չարենցը` այդ երկուսը խառնած: Մեծ է, բայց ոչ մեկն է, ոչ էլ մյուսը:

Չարենցի մեջ շատ բանաստեղծներ կան: Անհատականությունը կա: «Մահվան տեսիլը» հերիք էր անմահանալու համար: Չարենցը հրաբուխ է, խփում է, կրակ թափում վրեդ. չես հասցնում տեսնել: Առաջին տողից բանաստեղծական մթնոլորտ կա: Էդ ինչ մարդկային երևույթ է, ինչ ազգային երևույթ: Ինքը իրեն տանում էր ողջակիզման:

Հայրենիք ասածը Չարենցի և նրա նման զոհերի անուն է, արյուն: Նարեկացին ծանր կլիներ ինձ համար: Վարուժան` ծանր կլիներ: Պուշկինը մեծ է, բայց Եսենինի, Լերմոնտովի հետ կուզեի գիշեր, ցերեկ խոսել: Մեծարենցն էլ է հոյակապ, բայց Տերյան կտանեի: Եվ դա թերևս բացատրելու բան չէ: Նույնը չէի կարող ասել Թումանյանին, Իսահակյանին: