Լուսանկարում Չախալաբերդն է. գիտե՞ք՝ որտեղ է այն գտնվում և էլ ինչ անուններով է այն հայտնի
Չախալաբերդը գտնվում է Ջիլիզա գյուղից 2, 5 կմ արևելք, Լալվար լեռան հյուսիսային ստորոտի բարձրադիր բլրի վրա։ Բլուրը` այդ թվում բերդի ողջ տարածքը, ծածկված է թավուտ անտառով։ Արևմտյան կողմից հոսում է Լալվար գետակը։
Բերդը հայտնի է նաև Չըխլաբերդ, Բազաբերդ, Բազկերտ անուններով: Չնայած Չախալաբերդ անվան հանրահայտ լինելուն` բերդն այդ անունով մասնագիտական գրականության մեջ չի հանդիպում։ Երբ այն համադրում ենք գրականության մեջ տեղ գտած Բազաբերդի կամ Բազկերտի հետ, պարզվում է որ այդ երկու բերդերն էլ նունն են։
Բերդի մասին ամենավաղ հիշատակությունը հանդիպում է Վարդան Արևելցու մոտ, որից երևում է, որ Բագրատունյաց Աշոտ Ողորմած թագավորի մահից (977թ․) հետո բերդը որպես ժառանգություն անցնում է նրա կրտսեր որդի՝ Կյուրիկյան թագավորության հիմնադիր Գուրգենին։ Նշանակում է Բազաբերդ -Բազկերտ-Չախալաբերդը X դ․ արդեն նշանավոր է եղել։ Այն հետագայում բազմիցս հուսալի ապաստան է ծառայել նաև Զաքարյանների ժամանակ:
Բերդի մնացորդներից երևում է, որ այն զբաղեցրել է մոտ 150 х 35 մ չափերով տարածք։ Համեմատաբար լավ պահպանվել է արևմտյան մասում գտնվող միջնաբերդը, որը ուղղանկյունաձև է և զբաղեցնում է մոտ 0, 25 հա մակերես։ Շրջապակված է պարսպով, որի մնացորդներն ունեն 10-12 մ բարձրություն և 2-3 մ հաստություն։
Կառուցված են ճեղքած անդեզիտե քարերով, որոնք կապակցված են կրաշաղախով։ Պարագծով նստած են բազալտե ժայռաբեկորների վրա։ Հարավային կողմում (որտեղ՝ տեղանքը պաշտպանական առումով պակաս հուսալի է) պարիսպը անկյուններում ուժեղացված է մեկական ուղղանկյուն աշտարակներով, իսկ միջին մասում՝ երկու կոնաձև բուրգով, որոնք ունեն ընդարձակ ներքին տարածություն։
Դրանք արտաքին պատերում թողնված են պատուհաններ և դիտաճեղքեր։ Մուտքերն երկուսն են՝ արևելյան և արևմտյան կողմերից։ Գլխավորն արևելյանն է՝ կրկնահարկ կամարով (վերին կամարը փոքր-ինչ ետ է ընկած և կրկնակի անգամ լայն է ստորինից․ ըստ երևույթին ծառայել է մուտքը պաշտպանելուն)։