Հայ անվանի գրող Դերենիկ Դեմիրճյանը այսօր կդառնար 145 տարեկան․ ահա թե ի՞նչ հետաքրքիր պատմություն է պատմում նրա մասին Ստեփան Զորյանը

Դերենիկ Դեմիրճյանը իր կյանքի ընթացքում փորձում էր հասկանալ կյանքում տիրող անարդարությունների պատճառը։ Այդ փնտրտուքները երևում էին իր աշխատանքներում։ Բայց այդ հուսահատության հետ մեկտեղ, գրողը նաև լավատես էր ու մեծ սեր ուներ դեպի մարդկությունը։

Ստեփան Զորյանը հիշում է, որ Դերենիկը շատ զգույշ, հեռատես էր, բայց մեկ-մեկ սուր բնությունը արտահայտվում էր։

Մի զրույցի ընթացքում պրոլետգրողները իմ ներկայությամբ հարցրին Դեմիրճյանին, թե Վ. Տերյանի օրոք շատ պոետներ են եղել, որ գրել են, տպագրվել՝ ի՞նչ եղան դրանք։

— Գնացի՛ն, — պատասխանեց Դեմիրճյանը շատ լուրջ։

— Ո՞ւր։

— Այնտեղ, ուր դուք եք գնալու։ Դեպի անհայտություն…

Ասաց և, նկատեցի, սփրթնեց իսկույն։

Եվ այնուհետև երկու շաբաթ չէր հանգստանում։ Ամեն հանդիպելիս՝ հարց­նում էր, թե իր ասածից բան չե՞ն շինի… կամ՝ «մի բան դուրս չգա անախորժ»…

Ես հանգստացնում էի, որքան կարող էի.

— Կարևորություն մի՛ տաք։ Նրանք հասկացան, որ հանաք եք անում։

Հանա՜ք… Մեր օրերում հանաքը հանաք չի մնում։ Հանաքը դառնում է դա­նակ… Պետք է զգույշ լինել…