«11 հոգանոց խմբով շրջափակման մեջ են ընկել, բոյ են տվել թշնամու դեմ մինչև վերջին շունչը». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ԱՐՍԵՆԻ մասին

Արսեն Լաերտի Արևշատյանը ավագ հրաձիգ էր: Ծնվել է 2002 թվականին Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղում:

Դպրոցն ավարտելուն պես 2020 թվականի հուլիսին ծառայության է անցել Ջրականում:

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերից իր մասնակցությունն է ունեցել մարտերում և թեժ կռիվ է մղել թշնամու դեմ: Իր բաժին կռիվը սկսել է Ջրականում, որից հետո հոկտեմբերի 5-ին տեղափոխվել է Հադրութ:

Հարազատները պատմում են․ «Մինչև հոկտեմբերի 1-2-ը եղել են Ջրականում, իսկ արդեն հոկտեմբերի 5-ին էրեխեքին տեղափոխել են Հադրութի դպրոց, մինչև ամսի 9-ը պահել են էնտեղ, դրանից հետո հրաման ա եղել, որ մտնեն Հադրութի անտառները։ Ամսի 9-ից էրեխեքը կռվել են, որոշ էրեխեք դուրս են եկել, փրկվել են, իրենք են պատմել մանրամասները։

Վերջում Արսենենց 11 հոգանոց խումբն ա մնացել, հոկտեմբերի 12-ին բոյ են տվել տեռորիստների դեմ ու զոհվել»։ 

Արսենը իր զինակից ընկերների հետ հայտնվել է շրջափակման մեջ: Զոհվել է հոկտեմբերի 12-ին՝ մինչև վերջին շունչը հերոսաբար պայքարելով թշնամու դեմ:

Ընտանիքի անդամները Արսենի հետ վերջին անգամ կապ են հաստատել հոկտեմբերի 9-ին։ Արսենը հարազատներին իր գտնվելու տեղի մասին երբեք չի ասել, միայն նրա զոհվելուց հետո են ընտանիքի անդամներն իմացել, որ 18-ամյա տղան հակառակորդի դեմ թեժ կռիվների մեջ է եղել Ջրականում և Հադրութում։ Հուլիսին արդեն ընտանիքի բոլոր անդամները իմանում են ողբերգական դեպքի մասին, հուլիսի 23-ին Արսենին հուղարկավորում են ծննդավայրում՝ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում։

Արսեն Լաերտի Արևշատյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Փառք ու պատիվ մեր հերոսին, խոնարհվում ենք…