Հիշու՞մ եք «Հայ ասպետ» նախագծի բանիմաց ԴԱՎԻԹԻՆ. կարդացե՛ք ՀԵՐՈՍ ավագ լեյտենանտ Հովհաննիսյանի պատմությունը

Դավիթ Արայի Հովհաննիսյանը ծնվել է 1995 թվականի օգոստոսի 1-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:

«Շատ ակտիվ ու աշխույժ երեխա է եղել։ Հայրս միշտ համեմատում էր Սիմբա մուլտֆիլմի փոքրիկ առյուծի հետ, որովհետև նույնքան քաջ հատկանիշներ ուներ»,- հիշում է քույրը՝ Անին:

Մասնակցել է «Հայ ասպետ» մրցախաղին և մաթեմատիկական բազմաթիվ օլիմպիադաների: Դպրոցն ավարտելուց հետո Դավիթն ընդունվել է Ագրարային համալսարանի սննդաարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում բաժինը: Հենց այս ուղղությամբ էլ հետագայում աշխատել է՝ համալրելով ՀՀ ԶՈՒ-երը: 2018 թվականի օգոստոսից Սյունիքի մարզի Նորավան գյուղի զորամասում Դավիթն աշխատանքի անցավ որպես իրային և պարենային ծառայության պետ:

«Փոքրուց է սիրել զինվորական գործը։ Հայրս հաճախ դեմ էր, սակայն նա է ընտրել իր ուղին։ Հենց առաջին օրվանից մասնագիտացել էր իր գործի մեջ, շատերը զարմանում էին Դավիթի մասնագիտական հմտությունների վրա։ Դեռ երկու տարի էր, ինչ աշխատանքի մեջ էր, բայց ծառայակից ընկերներն ասում են, որ Դավիթը զարմանալի հասունություն ուներ տարիքի համեմատ»,- պատմում է Անին։

Հարազատները նրան նկարագրելիս ասում են՝ անսահման նվիրվող էր, հավասարակշիռ ու հասուն, չափից դուրս հումորով: Իսկ ծառայակից ընկերներն ասում են՝ շատ ընկերասեր էր.
«Մայրիկիս հետ խոսելիս անընդհատ պայթյուններ են եղել, մայրս լսել է, և երբ հետո հարցրել է՝ հո չե՞ք վնասվել, Դավիթն ասել է, որ շատերն արդեն չկան։ Իր ամենամոտ ընկերներից մինչ օրս անգամ լուր չկա»,- ասում է Անին։

Դավիթն ու կապիտան Համբարձումյանը պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 4-ից մասնակցել են Ջրականում (Ջաբրաիլ) մղվող մարտերին: Դավիթ Հովհաննիսյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին. անօդաչու թռչող սարքի հարվածի ժամանակ 4 ընկերներով խրամատում են եղել: