«Գուցե պատերազմից էլ հետ չգամ, բայց ոչինչ մեր հայրենիքն է և պաշտպանելը մեր պարտքն է». ՀԵՐՈՍ ԴԱՎԻԹԻ վերջին խոսքերը կնոջը

Դավիթ Մայիսի Քոչինյանը ծնվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում 1990թ.-ի հոկտեմբերի 28-ին:

2008թ.-ին ընդունվել է Ռուսաստանի Դաշնության Ռադիացիոն քիմիական, կենսաբանական ակադեմիան: Այդ ժամանակ արդեն կապիտան էր ու մեծ ոգևորությամբ, պատասխանատվությամբ էր վերաբերվում ծառայությանը: Թեև շատ պահանջկոտ ու խիստ էր ծառայության մեջ, բայց նաև անչափ հոգատար էր ծառայակիցների նկատմամբ:

Դավիթը կնոջ՝ Լանա Քոչինյանի հետ ծանոթացել է 2015թ.-ին, երբ արդեն 3 տարի է, ինչ ծառայության էր անցել Արցախում. «Ես Ստեփանակերտից եմ, մի օր հանդիպեցինք, մեկ հայացք գցեցինք իրար ու գնացինք ամենքս մեր ճանապարհով: Անցավ երկու ամիս, ինքը փնտրեց, գտավ ինձ ու փորձեց կապի դուրս գալ: Որոշ ժամանակ անց հանդիպեցինք: Դեկտեմբերի 3-ն էր, առատ ձյուն: Երկար քայլեցինք, խոսեցինք ամեն ինչից ու ինքն առանց ճանաչելու որոշել էր, որ իր ընտրյալը ես եմ ու պատմում էր, թե ինչպիսին պետք է լինի մեր ընտանիքը: 4-5 բալիկ պետք է ունենայինք, անպայման տղա էր ուզում, բայց աղջիկների ծնվելուց հետո զգաց, որ ավելի շատ սիրեց»:

Ամուսինները մոտ 3-4 ամիս են շփվել ու միանգամից որոշել են իրենց կյանքը միմյանց հետ կապել՝ առանց մեծ խնջույքի ու ավելորդությունների: Դավիթը կնոջը միշտ մեծ ոգևորությամբ էր պատում, թե ինչքան է սիրում հայրենիքը, ծառայությունը, որն իր համար ոչ թե աշխատանք էր, այլ հայրենիքի առաջ պարտքի կատարում. «2018թ.-ի ապրիլ ամսից Դավիթին նշանակեցին ՀՀ Խաղաղապահ զորքերի քիմիական ծառայության պետ և տեղափոխեցին ծառայությունը շարունակելու Բալահովիտում»:

Այս ամենի հետ մեկտեղ,Դավիթն իր արմատներից կտրված չէր, երազում էր թոշակի անցնելուց հետո Վանաձոր վերադառնալ. «Երազում էինք մեր մեծ տունն ունենալ ու ապրել լիքը բալիկներով շրջապատված, սակայն երկուսիս երազանքը կիսատ մնաց…»:

2020թ.-ի հուլիսին Դավիթ Քոչինյանը մայորի կոչում էր ստացել: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 12-ը Դավիթը եղել է Արարատի դիրքերում, հետո մեկնել է Արցախ՝ Հադրութի շրջան: Հոկտեմբերի 21-ին պետք է Ազոխից գնար Կարմիր շուկա, գնաց ու Դրախտիկում՝ դիպուկահարի կրակոցից զոհվեց. «Նա հենց կռվի սկզբից ինձ անընդհատ ասում էր, որ երկարատև պատերազմ է ու դժվար թե շուտ ավարտվի: Անընդհատ հարցնում էր, թե ինչպես ենք ու ինքն էլ կրկնում էր, որ լավ է, ապահով է, իսկ վերջում ասաց, թե գիտի, որ հնարավոր է այնտեղից էլ հետ չգա, բայց ոչինչ մեր հայրենիքն է և պաշտպանելը մեր պարտքն է»: