«Մենք միշտ հպարտանում էինք, որ մեր ընկերը ՀԱՅԴՈՒԿ ՊԵՏՐՈՍԻ ԾՈՌՆ է, բայց չէինք մտածում, որ ինքն էլ հերոս կդառնա». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ ԵՐԱՆՈՍԻՆ

Երանոս Ռուզվելտի Պետրոսյանը ծնվել է 2002թ-ի հունիսի 27-ին Շիրակի մարզի Ջրափի գյուղում։

Այդ տարի ՇՊՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետ ընդունվելու համար ընդունելության քննություններ հանձնելուց անմիջապես հետո մեկնել էր ծառայության։ Երանոսը ծառայության է անցել Մատաղիսում:

«Ծառայության սիրով էր մեկնել: Մեկնելու նախորդ օրը ասում էր՝ բոլորից լավ եմ ծառայելու և տուն վերադառնամ»,- հիշում է Սրապ Պետրոսյանը՝ հերոս Երանոսի եղբայրը:

Հերոսն իր խոստումը կիսատ պահեց: Երանոսը պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ հերոսաբար նահատակվել է Մարտունին պաշտպանելիս: Տուն չվերադարձավ, սակայն ինչպես ասել էր բոլորից լավ ծառայեց՝ չխնայեց կյանքը հանուն հայրենիքի պաշտպանության սուրբ գործի:

Ոչ միայն ողջ գյուղը, այլև նրան ու նրա ընտանիքը ճանաչող յուրաքանչյուր ոք սգում է Երանոսի մահը: Դասընկերները միայն լավ հիշողություններ են պատմում նրա հետ կապված, ասում են՝ Երանոսի մասին կարելի է խոսել անվերջ։ Նրա համեստության, զսպվածության ու լրջության շնորհիվ ոչ մի ուսուցիչ չէր բարկանում վրան:

«Երևի այն եզակի աշակերտներից էր, որ վրան բարկացած չկային։ Մեր դպրոցի պատմության ուսուցիչը միշտ պատմում էր, որ նա Հայդուկ Պետրոսի ծոռն է, որն էլ եղել է Անդրանիկ զորավարի քառասուն զինվորներից մեկը։ Մենք էլ այնքան էինք հպարտանում, որ ունենք հերոսի արյուն ունեցող դասընկեր, բայց չէինք պատկերացնում, որ հետո նա էլ է հերոս դառնալու, ու ևս մեկ անգամ առիթ տալու իրանով հպարտանալու»,- ասում է դասընկերուհին՝ Նադյա Եղիկյանը:
Մյուս դասընկերուհին՝ Անի Սարգսյանը, պատմում է, որ դասարանի ամենահամեստ, խելոք ու ամաչկոտ տղան էր Երանոսը։