«Միշտ ասում էր՝ եթե էս պոստերը անառիկ պահենք, իմացեք՝ մեր տունն էլ է անառիկ մնալու». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Գոռ Խուդինյանին

Գոռ Ֆրունզի Խուդինյանը ծնվել է 1991 թվականի ապրիլի 7-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա ընտանիքով տեղափոխվել են Վանաձոր, որտեղ էլ՝ Վ. Տերյանի անվան դպրոցում, շարունակել է ուսումը: Ավարտելուց հետո ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2010 թվականին ինստիտուտից գործուղվել է Չինաստան՝ անցնելով երիտասարդ սպաների դասընթացներ, ստացել է սերտիֆիկատ, պարգևատրվել մեդալով և շքանշանով:

2011 թվականին գերազանց ավարտել է ռազմական ինստիտուտը, ստացել գերազանցության դիպլոմ և իր ընտրությամբ ծառայության անցել «Եղնիկներ» զորամասում որպես հետախուզական դասակի հրամանատար՝ լեյտենանտի կոչումով:

2013 թվականին ստացել է ավագ լեյտենանտի կոչում: 2015 թվականին նշանակվել է որպես հետախուզական վաշտի հրամանատար, ստացել կապիտանի կոչում: Այնուհետև նույն թվականին տեղափոխվել է Ստեփանակերտ՝ որպես հետախուզական վաշտի հրամանատար:

Ապրիլյան պատերազմին մասնակցության համար պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 2016 թվականին նորից տեղափոխվել է «Եղնիկներ» որպես գումարտակի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ:

Միշտ ասում էր՝ «Ուս-ուսի պետք է պահենք էս պոստերը, որ հակառակորդը չկարողանա իր նպատակներին հասնել: Եթե էս պոստերն անառիկ պահենք, իմացեք՝ մեր տունն էլ է անառիկ մնալու…»

2017 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում հակառակորդի կրակը ճնշելու ժամանակ մահացու վիրավորում է ստացել։ Ամփոփված է Ճոճկանում

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…