«Ասաց՝ բալեքիս տարիքին են, ոնց թողնեմ գնամ, ու իրեն նետեց բոցերի մեջ, որ 13 զինվորի կյանք փրկի». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ Լեռնիկին

Լեռնիկ Լևիկի Մխիթարյանը ծնվել է 1972 թվականի մարտի 27-ին Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում։ Սովորել և բարձր առաջադիմությամբ, ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել և ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Պատմություն և Իրավունքի հիմունքներ բաժինը։

1995-1996թթ. մասնակցել է ՀՀ Պաշտպանության նախարարության ուսումնարանի միամյա դասընթացներին, և արդեն 1996 թվականից որպես հրամանատար՝ Լեյտենանտ կոչմամբ, ծառայել է Հորադիզում, իսկ 1998 թ.-ին տեղափոխվել Կապանի զորամաս։ 2010-2015թթ. աշխատել է Կապանի Հ. Ավետիսյանի անվան ավագ դպրոցում, որպես ռազմագիտության ուսուցիչ, սակայն ճակատագրի բերումով կրկին նախընտրել է զինվորականի ուղղին և որպես մեծ հայրենասեր ու հայրենիքի նվիրյալ Լեռնիկը մայոր կոչմամբ, 2015 թվականին ծառայության է անցել Սիսիանի զորամասում։

44-օրյա պատերազմի ընթացքում 2020 թվականի հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութի շրջան՝ մարտական խնդիրը կատարելու նպատակով։ 5 օր շրջափակման մեջ մնալուց և կատաղի մարտեր տալուց հետո, կարողացել է դուրս գալ շրջափակման օղակից և շտապել մյուսներին շրջափակումից ազատելու։ Սակայն նրանց մեքենան հոկտեմբերի 15-ին խոցվել է թշնամու ԱԹՍ-ի կողմից և հրդեհվել։ Լեռնիկը փրկվել է, սակայն տղաներին օգնելու համար իրեն նետել է բոցերի մեջ և փրկել 13 երիտասարդ զինվորի կյանք:

Նախընտրեց զոհել իր կյանքը հանուն այն զինվորների, ովքեր չէին հասցրել կյանք տեսնել, ու իր կյանքի գնով կյանք է շնորհել նրանց, ասելով՝ բալեքիս տարիքին են, ոնց թողնեմ ու գնամ։ Նրան մահաբեր այրվածքներով տեղափոխում են հիվանդանոց, որտեղ և հոկտեմբերի 22-ին հերոս հայորդին կնքում է իր մահկանացուն՝ երկու զավակներին թողնելով կնոջ խնամակալությանը։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…