«Հեր ջան, մորս ու քրոջս լավ կպահես»․ Լևոնի աչքի առաջ է զոհվել մտերիմ ընկերը, նրանց հրաման էր տրվել՝ Մատաղիսը հետ բերել

19-ամյա հերոս Լևոն Մանուկյանը զորակոչվել է բանակ 2019 թ-ի հունվարի 30-ին: 5 ամիս Մատաղիսում ծառայելուց հետո տեղափոխվել է Թալիշ: Պատերազմի օրերին էլ Թալիշի դիրքերում է եղել:

«Մինչև սեպտեմբերի 29-ը պայքարել են թշնամու դեմ: Ամսի 29-ին 50 գումարտակից 10 զինվոր էին ողջ մնացել։ Իմ բալեն վիրավորներին, այդ թվում՝ իր հրամանատարին, օգնել ու Թալիշից հանել է: Իր հետ նաև երկու տղաների դիեր է տարել դիրքերից», — պատմում է Լևոնի մայրը՝ տիկին Նելլին:

Մտերիմ ընկերը՝ Վահեն, հենց Թալիշում Լևոնի աչքի առաջ է զոհվել: Լևոնը փոս է փորել, ծառերի ճյուղեր պոկել, ընկերոջ դին այդ ճյուղերով ծածկել՝ հստակ որոշելով, որ վիրավորներին անվտանգ տարածք հասցնելուց հետո վերադառնալու է ու Վահեի մարմինը ծնողներին հասցնի: Բայց չի հասցրել․․․

Լևոնն ու 9 զինընկերները Թալիշից Մատաղիս հասնելուց հետո շրջափակման մեջ են հայտնվել: Շուրջ մեկ շաբաթ անտառում են թաքնվել: «1 շաբաթ հաց չեն կերել, ջրի փոխարեն ցեխաջուր անձրևաջուր են խմել: Փոս են փորել ու փոսի մեջ թաքնվել: Իրենց գլխին հրամանատար էլ չեն ունեցել»: Հոկտեմբերի 7-ին, երբ իրենց գտել են, Լևոնն առաջինը մորն է զանգել ու ոգևորությամբ ասել՝ «մամ ջան, ես փրկվել եմ»:

Հոր հետ խոսելիս ասել էր՝ «հեր ջան, մորս ու քրոջս լավ կպահես»:«Իրեն ասացի՝ «բալես, կլինի՞ դու չգնաս, ախր 4-5 օր առաջ ես դուրս եկել այդ սարսափից»: Ասեց՝ «մամ ջան, չեմ կարող չգնալ, ես պիտի ընկերների կողքին լինեմ»: Հոկտեմբերի 14-ին զոհվել է մեր հերոսը: Այդ պահին 35-ն են եղել. 32-ը զոհվել են: Նրանց՝ 2-րդ գումարտակին հրաման է եղել՝ Մատաղիսը հետ բերելու: