Ինչպես հերոս զեյթունցին կատարեց իր խոստումն ու փրկեց հարյուրավոր հայ երեխաների կյանք

Նա հերոս զեյթունցի էր, ով Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրավոր հայ որբեր վերադարձրեց սիրիական անապատի արաբական ընտանիքներից։ Փառնակ Շիշիկյանը հիմա թաղված է Երևանից մի քանի կիլոմետր հեռաու գտնվող Հովտաշատ գյուղում։ Նրա մասին միակ հիշատակումը մի փոքրիկ գրքույկ է, որը 30 տարի առաջ հրատարակել է իր իսկ փրկած գերդաստանի շառավիղ Հակոբ Ճղլյանը։

1915-ի չարաբաստիկ տարում Կիլիկիայի հերոսական քաղաք Զեյթունը դատարկվել էր։ 14-ամյա Փառնակը Սիրիայի Դեյր Զորի ճամփին օրեր անցկացրեց թուրքի թրից ընկած մոր դիակին փարված։ Նրան փրկեց մի քոչվոր արաբ, որը դաշույնով փոս փորելուց և Փառնակի մոր մարմինը ավազին հանձնելուց հետո, տղային նստեցրեց ձիուն և տարավ իր տուն։

Երիտասարդը, որն արդեն գիտեր հայերեն, գերմաներեն և թուրքերեն, շուտով սովորեց նաև արաբերեն։ 1924 թվին 23-ամյա տղային՝ հանձնարարեցին Հալեպ հասցնել հարուստ արաբների գնած ոչխարի հոտը։ Հայտնվելով Հալեպում՝ նա զարմանքից քարացավ, երբ տեսավ խանութների հայկական ցուցանակներն ու հայերեն խոսող մարդկանց։ Հետո հայ կոշկակարին ցույց տվեց իր տետրը, որտեղ այն բոլոր հայ մանուկների անուններն էին, որոնք անապատում ապրում էին արաբների ընտանիքներում։

Նա ինքն իրեն խոստացել էր հավաքել այդ հայ երեխաներին, օգնել ամուսնանալ իրար հետ և գտնել նրանց հարազատներին։ Կոշկակար Փանոսը, որն արաբների ու քրդերի մոտ ապաստանած հայ որբերին որոնող հանձնաժողովի նախագահն էր, ուղղակի ապշել էր։ Որոնող հանձնաժողովը հետո գնալու էր անապատը, վճարելու էր հայ մանուկների համար և նրանց բերելու էր Հալեպ կամ Բեյրութ։

Փառնակն ամուսնացավ Վաթհա անունով մի հայ կնոջ հետ, որը հետո փոխեց իր անունը ու դարձավ Սիրանուշ։ Նա երիտասարդների հետ կազմակերպեց հայերի ոսկորների հավաքումը Դեյր Զորից, Եփրատից։  Փառնակը հիշատակի արարողություն կազմակերպեց ննջեցյալների հոգիների համար․․․