Լսե՞լ եք Խնածախի մելիքական ապարանքի մասին. ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ, որոնք արժե իմանալ

Խնածախի մելիքականապարանքի ավերակները գտնվում են ՀՀ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում, ձորի միջով անցնող ճանապարհի եզրին՝ երեք կողմից առնված բնակելի կառուցապատման մեջ։

ԱՊԱՐԱՆՔ՝ ՄԵԼԻՔ ՀԱԽՆԱԶԱՐ Ա-Ի.JPG

Ապարանքը պատմամատենագրական աղբյուրներում չի հիշվում։ Հայ ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան Նուբար Պապուխյանը ապարանքը համարում է 17-րդ դարի կառույց և վերագրում Մելիք-Հայկազ Բ-ին: Այս տեսակետին է նաև Վ․ Հարությունյանը:

Հուշարձանի կառուցման հանգամանքներին առավել հիմնավոր անդրադարձել է հայ պատմաբան-բանասեր Մորուս Հասրաթյանը։ Քաշաթաղ-Խնածախի պատմությանը նվիրված քննական ակնարկում, հիշատակելով Քաշաթաղ ավանում 15-րդ դարի վերջերին կառուցված Մելիք-Հայկազ Ա-ի ապարանքը, նա մասնավորապես գրում է՝ «16-րդ դարի սկզբից գավառի վարչական կենտրոնը Քաշաթաղ ավանից փոխադրվում է 10-12 կմ դեպի հարավ՝ Խոնածախ գյուղը։ Փոխադրվողը լինում է Մելիք Հայկազի որդին՝ Հախնազարը»:

Խնածախը (նաև՝ Խոնածախ, Խանածախ) հնում Սյունիքի Հաբանդ գավառի գյուղերից էր, սակայն ուշ միջնադարում անցել է սահմանակից Քաշաթաղին և իր՝ համեմատաբար ապահով աշխարհագրական դիրքի շնորհիվ դարձել է մելիքության երկրորդ աթոռանիստը։ Ապարանքից բացի, Խնածախ–մելիքանիստի մասին կարևոր վկայություններ են նաև այստեղ գտնված Մելիք–Հայկազյան տոհմի մի քանի երևելի ներկայացուցիչների տապանաքարերը, ինչպես նաև նրանց օրոք կանգնեցված արձանագիր խաչքարերը: Սրանցից աչքի է ընկել հատկապես Մելիք–Հախնազարի գեղաքանդակ տապանաքարը՝ դրված յոթաստիճան պատվանդանի վրա։

Ըստ 1551 թվականի տապանագրի՝ Հախնազարը «ՄԵԾ ԻՇԽԱՆ ԷՐ Ի ՄԷՋ ԹԱԳԱՒՈՐԱՑ» հանգամանք, որը միանգամայն հավանական է դարձնում ապարանքի կառուցման վերագրումը նրան և թվագրումը 16-րդ դարի առաջին կեսով։ Ապարանքը հետագայում ժառանգել է Մելիք-Հախնազարի երկարակյաց որդին՝ պատմական աղբյուրներից հայտնի «Մելիք Հայկազն ի Քշտաղս երկրէն՝ ի Խանածախ գեղջէ»։

Մելիք-Հայկազ Բ-ը (1551-1623 թթ․), 17-րդ դարի սկզբում գործուն մասնակցություն ունենալով Օսմանյան Թուրքիայի դեմ պարսից բանակի մղած պատերազմում, վայելում էր Շահ-Աբբաս Ա-ի բարյացակամությունը, և, ըստ ավանդության, ի վկայություն հավատարմության ու քաջության, նրանից ստացել էր «Ծեր առյուծ» («Գոջա ասլան») մտերմիկ մականունը։ Մելիք-Հայկազ Բ-ը հայտնի է եղել նաև շինարարական ու մշակութանպաստ գործունեությամբ, համարվել է ժամանակի մեծահարուստ ու ազդեցիկ մելիքներից մեկը, և այս պատճառով է, որ Խնածախի ապարանքի կառուցումը ավանդաբար կապվել է նրա անվան հետ։ Սակայն, չնայած այս վարկածին, մելիքական տան շինարարության ժամանակը դարձյալ համարվում է 16-րդ դարի կեսերը։