«Հրանտ ջան, ինքը քեզ կխաբի, քեզ հետ չի ամուսնանա». ի՞նչ են պատմում Հրանտ Մաթևոսյանի կնոջ հուշերը

Մի անգամ Հրանտ Մաթևոսյանին հարցրել են՝ «Ձեր կյանքում եղե՞լ է որևէ ցնցող դեպք», իսկ նա պատասխանել է. «Մի այդպիսի դեպք եղել է, բայց դա չի կարելի դեպք համարել, որովհետև արդեն մի քանի տասնամյակ է այդ դեպքը շարունակվում է. դա իմ ամուսնանալն է»: Ասում են Դուք ուժեղ, իշխող կին եք, ի՞նչ զգացիք, երբ կարդացիք Վարպետի այս «ինքնախոստովանությունը»:  

Ինչպես պատմում է Հրանտ Մաթևոսյանի կինը՝ Վերժինե Մովսիսյանը, Հրանտին միշտ ասել են՝ «Հրանտ ջան, ինքը քեզ կխաբի, քեզ հետ չի ամուսնանա»: Թե ինչպե՞ս պետք է խաբեի, չգիտեմ: Հրանտն էնքա՜ն կուլ գնացող էր ամենքին: Բա ի՞նչ անեի, որ ուժեղ չլինեի: Հրանտը շա՜տ խոցելի էր, շա՜տ անպաշտպան: Եվ հետո, մենք մի կուրսեցի էինք, ու է՜ն ժամանակից սկսած նրա կյանքն անընդհատ ես էի կազմակերպում: Անընդհատ: Եթե մեկը չլիներ նրա կողքին հրող, առաջ տանող, պայքարող, նա կարող էր և ինստիտուտը թողնել և շատ բաներ, թեև՝ թողներ-չթողներ, միևնույն է, ինքը Հրանտն էր, Հրանտն էր լինելու: Ինքը ոնց ուզել է, ապրել է: Ես իրեն միշտ ազատ եմ թողել:

Հրանտի և Վերժինեի սիրո պատմությունը բացառիկ է եղել: Նրանք ավարետել են Մանկավարժական ինստիտուտը և երկուսն էլ յուրահատուկ կերպով են ընդունվել ինստիտուտ:

Վերժինե Մովսիսյանը պատմում է.

Ես որոշել էի գնալ համալսարան: Քույրս այդ ժամանակ մեկնում էր Լենինգրադ՝ ստաժորական պրակտիկայի: Մենք միասին գնացինք, գործերս տվեցի համալսարան, ու ինքը մեկնեց: Բայց ես տեսա, որ իմ համադասարանցիներից, իմ դպրոցի երեխաներից շատերը մանկավարժական են գնում, օտար լեզվի քննությունից էլ վախենում էի ու գնացի, վերցրեցի գործերս համալսարանից ու տարա մանկավարժական:

Առաջին քննությունը հանձնեցի ու պարզվեց, որ անբավարար եմ ստացել: Հայոց լեզվի գրավոր քննությունն էր: Ծնողներս զարմացան, որ անբավարար եմ ստացել, ես էլ մի քիչ տխրեցի, բայց գնացինք գործերս ետ վերցնելու: Ես չգիտեի այդ ժամանակ, որ կարող եմ բողոքարկել, բայց երբ տեսա, որ մարդիկ բողոքարկել են, որոշեցի, որ ես էլ պետք է բողոքարկեմ ու մտա ղեկավարների մոտ: Երբ գրավորս բերեցին, ես գրել էի Րաֆֆու «Ոսկե աքաղաղը», տեսան, որ ոչ մի ուղղում չկա գրավորիս մեջ, ընդամենը երկու կարմիր զիգզագ գիծ է քաշված: Պարզվեց, որ հանձնաժողովը տեղյակ չէր այդ գրավորից, հանձնաժողովի ձեռքի տակով չէր անցել, իրենք էլ չհասկացան, թե ինչպես է այդպես ստացվել: Եվ Վաչե Պարտիզունին, որ նախագահն էր, առաջարկեց հաջորդ օրը նորից քննություն հանձնել: Այսպիսով, ես մի քանի օրում քննություններս հանձնեցի ու ընդունվեցի:

Այս պատմության երկրորդ օրը, երբ դուրս եկա ինստիտուտից, քույրս բակում ծանոթացել ու խոսում էր Հրանտի հետ: Հրանտն էլ չէր ընդունվել: Ասել էր 21 միավոր եմ հավաքել. երեք հինգ հայոց լեզվից ու երեք երկուս՝ ռուսերենից: Քույրս իմացել էր, որ Հրանտը տպարանում է աշխատում, որ հրաշալի քննություն է հանձնել հայոց լեզվից, հրաշալի գրավոր է գրել: Գրել էր, թե ինչպես ինքը կգրեր Ստեփան Զորյանի «Պատերազմ» պատմվածքը: Այդ գրավորի մասին «Սովետական Հայաստան» թերթում հոդված էր եղել, որ հրաշալի գրվածք է և այլն, և Հրանտը հույս է ունեցել, որ դա իրեն կօգնի, որ ընդունեն ինստիտուտ: Ամեն ինչ արել են, գրավորը տարել են մինիստրություն և այլն ու կարծեմ, առանց ռուսերենը հանձնելու են ընդունել:

Այսպես, երբ դասերն արդեն սկսվել էին, քույրս ամեն օր հարցնում էր, թե ի՞նչ եղավ այն լինոտիպիստ տղան, ու ես, երբ հետաքրքրվեցի, տեսա, որ Հրանտը մեր կուրսից է, Մաթևոսյան, մատյանում՝ 14 համարը, ես էլ՝ Մովսիսյան, 15-ը: Երևի բախտն էր այդպիսին:

Բայց Հրանտը դասի չէր գալիս: Մի ամիս ու մի քիչ ավելի երևի անցել էր, մի օր, վեցերորդ ժամին դուռը բացվեց, Հրանտը ներս մտավ ու ողջ հասակով կանգնեց դռների մեջ: Պարույր Սահակյանի ժամն էր՝ ռուս գրականության: Պարույրը գունատվեց, վախեցավ, կարծեց, թե «Կրիվոյի» տղաներից է, ու ասաց. «երիտասարդ, ի՞նչ եք ուզում», ու Հրանտն ասաց, որ ինքն այս կուրսից է: Պարույրը չհավատաց, լսարանին հարցրեց, բոլորն ասացին, որ չեն ճանաչում: Միայն ես ասացի, որ ճանաչում եմ: Ասացի, որ տեսել եմ քննությունների ժամանակ, որ մատյանում էլ անունը կա, 14 համարն է: Պարույրը Հրանտին հարցրեց. «իսկ ո՞ւր էիր մինչև հիմա», ու Հրանտն ասաց. «հունձ էի անում»: Ամբողջ կուրսը ծիծաղեց, կարծեցին Հրանտը ծաղրում է:

Լսարանում նստելու տեղ չկար, բոլորս երեք-երեք էինք նստած: Միայն ես էի նստած Մանուկյան Գուրգեն անունով մի տղայի հետ, բայց նրան ասել էի, որ ես այդ տեղը պահում եմ Հրանտ անունով մի տղայի համար, ու երբ նա գա, ինքը գնալու է կողքիցս: Հրանտը եկավ, նստեց, և առաջին բանը, որ արեց, ինձ թուղթ գրեց, հարցրեց, թե ով եմ:  Ու անընդհատ դասի ժամանակ իրար թուղթ էինք գրում: Ու այդպես, ամբողջ կիսամյակի ժամանակ ոչ մի դասախոսություն չգրեցինք, միայն իրար թուղթ էինք գրում:

Բայց Հրանտը շատ չէր գալիս ինստիտուտ, կարգապահ ուսանող չէր: Գիշերներն աշխատում էր տպարանում: Շատ դժվար էր իր համար: Ասում էինք՝ արի, դուրս կմնաս, ասում էր. «ես բան չունեմ էստեղ սովորելու»: Մի օր էլ ասաց. «եթե գամ, քեզ համար եմ գալու»: Ասացի՝ արի, ինձ համար արի, բայց՝ արի:

Առաջին տարին մեր տղաներին տարան խոպան, այդ թվում և Հրանտին, և Հրանտը գրեց «Տափաստան»-ը: Բերեց, մի քանի էջ նվիրեց ինձ: Մի օր էլ մայրս, կարծեմ, հարիսա էր եփել, ու իմ հորեղբոր տղայի ընկերները, որ Մոսկվայում էին սովորում, ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ Հարություն Ֆելեքյանը, Ջոն Կիրակոսյանը և այլն, մեր տուն էին եկել և առանց իմանալու, որ ես ուսանող եմ, որ Հրանտին ճանաչում եմ, մեր տանը սկսեցին Հրանտից, նրա «Տափաստան»-ից խոսել: Հիացած էին, զարմացած Հրանտի տաղանդից, համարձակությունից: Հրանտը գրել էր մի երկրի մասին, որն ամբողջ երկրից մարդկանց հավաքել, տարել էր խոպան, ցորենը հնձել էր, բայց այդ ցորենը չէր հավաքել, ու ցորենը մնացել անձրևի տակ, փչացել: Հարություն Ֆելեքյանը, կարծեմ, առաջին հոդվածն է գրել Հրանտի մասին:

Մայրս էլ լսեց Հրանտի մասին: Այսպես սկսվեց մեր պատմությունը, հետո՝ Հրանտի «Տափաստան»-ը, հետո՝ «Ահնիձորը» ու մնացած կյանքը: