Ի՞նչ է ասել Հրանտ Թամրազյանը Համո Սահյանի մասին. եկեք պարզենք
Հայ գրականագետ Հրանտ Սմբատի Թամրազյանը Համո Սահյանի մասին ասել է.
Համո Սահյանի երգն իր էության մեջ, անգամ բնանկարներում ճանապարհ է բացում դեպի մարդու հոգին և կյանքի տարերքը:
…Նրա աշխարհը յուրահատուկ է, տեղային, «փոքր», բայց ներքնապես կապված է մեծ կյանքին: …Այդ աշխարհը հանկարծ բոցավառվում է, ստանում համամարդկային խորհուրդ, տեղական նյութի մեջ գոյանում է փիլիսոփայական խորունկ հոսանքը՝ աշխատանքի, սիրո, մարդու և հողի մասին:
Ճշմարիտ բանաստեղծների երկերում մշտապես տեղի է ունենում անցյալի և ներկայի գեղեցկությունների, հոգևոր երևույթների յուրօրինակ կենտրոնացում, որին ինչ-որ բան են տալիս անգամ գալիքի զգացողությունները:
Համո Սահյանի երգերը ծնվել են հոգեբանական ու կենսական լիցքերի բուռն կենտրոնացումից ու ներքին այրումից: Եվ այդ երգերը շարունակվում են, հավերժ կերպարանափոխության մեջ ծիլ են տալիս նոր գեղեցկությունները, ծաղկում են երազները, կանաչ-կարմիր հույսերը, ձգվում է Լեռնային Հայաստանի գեղեցկությունների կախարդող մեղեդին…