Կարդացե՞լ եք Լեռ Կամսարի աղոթքը․ ահա թե ինչի մասին էր մեծ գրողը խնդրում Աստծուց

Լեռ Կամսարը իր կյանքի ընթացքում անդադար բախվել է տարբեր խնդիրների, բայց չի դադարել գրել։ Ու անկախ ամեն բանից նա եղել է իր ժողովրդի կողքին ու նման աղոթք-մաղթանք է ուղղել դեպի Աստծուն․

«Կան ազգեր, որոնք սրտի ամբողջ խորերեն «ա՜խ» կքաշեն՝ մեծ մարդ մը ունենալու համար, սակայն պարագան այնպես մըն է բերեր, որ այսօր հայ ազգը կսկիծով կը տեսնե, որ պզտիկ մարդ մը չունի իր մեջը։

Տե՜ր, տե՜ր, մանրե այդ մարդիկ՝ նոր աշխարհ ղրկե. տե՜ր…

Տե՜ր, չէ՞ երեկ էր, որ խոսվեցավ «ներկա մոմենտի» մասին. չլսեցի՞ր որքան ծանր է մեր կացությունը. չտեսա՞ր որ մենք անդունդի ծայրին ենք, որ մեր փրկությունը ճակատը պահելու մեջ է…

Տե՜ր, դուն զինվոր ղրկե ու Հայաստանն ազատե թշնամուց՝ ալ մի խառնվիր։ Ես մարախի նման իշխաններ կը հանեմ ազատված երկիրը կառավարելու համար, տե՛ր…

Կաղաչեմ, ո՜վ տեր, բան մը ասոնց գլուխեն պակսեցուր ու բան մը սրտի վրա ավելցո՛ւր, նաև բան մը ասոնց արտաքինեն կտրե ու ներքինին կցան տուր։ Ու եթե կարելի է, պզտիկ բան մըն ալ ասոնց էութենեն հանե ու մեր կարոտ…Ազգին տուր…

Ու այս բոլորն ըլլալե ետքը, քեզի վայել է փառք, պատիվ հավիտյանս, ամե՜ն»։