Կոմիտասի ատելի երևույթներից մեկը․ ահա թե ինչի՞ մասին էր միշտ կրկնում Վարդապետը

Վարշամ Փարսադանյանը իր «Հուշեր Կոմիտասի մասին» աշխատության մեջ ներկայացրել է Կոմիտասին, բայց ոչ հասարակ, այլ քննադատ Կոմիտասին։ Այս հատվածում, նա ներկայացնում է, թե ինչպե՞ս է Վարդապետը երաբերվում այն երևույթին, երբ ուրիշը գողանում կամ սեփականաշնորհում է մյուսի աշխատանքը։  

«Նա խիստ դեմ էր ուրիշի ստեղծագործած երգերը յուրացնելուն կամ ըստ իր ցանկության վերափոխելուն և այլն:

Զրույցի ժամանակ նա միշտ ասում էր. 

— Ոչ, չի կարելի օգտագործել ուրիշի ստեղծագործությունը և ոչ էլ կարելի է այն մազաչափ անգամ փոփոխության ենթարկել: Ինչպե՞ս կարելի է ուրիշի զգացմունքները յուրացնել: Երգը պատմություն չէ և ոչ էլ վեպ կամ դասարանային շարադրություն, որ հնարավոր լինի գողանալ նրա մտքերը կամ թե դեպքերը սեփականացնել և այլն: Պատմաբանը, վիպասանը եթե բարեխիղճ մարդ է, օգտվում է մի այլ պատմաբանից և նշում իր գրվածքում հեղինակի անունը: Բայց պատահում է անբարեխիղճ պատմաբան, որ ուրիշ պատմաբանի դեպքերը յուրացնում է և չի հիշում տվյալ հեղինակի անունը, այնուամենայնիվ պատմությունը մնում է պատմություն և այն չնայած գողացված, բայց անցնում է դարից դար: Իսկ երգը, որ յուրաքանչյուր ստեղծագործողի զգացմունքների հայելին է, ապա ինչպե՞ս կարելի է այն գողանալ կամ թե ինչպե՞ս կարելի է ուրիշի զգացմունքների մեջ մտցնել օտար զգացմունք: Դա ոճրագործություն է: Գեղարվեստի բնագավառում ստեղծագործությունը պետք է մնա անձեռնմխելի և ոչ ոք իրավունք չպիտի համարի իրեն մազաչափ անգամ յուրացնել այն կամ վերամշակել ըստ իր ցանկության, իր հասկացողության: 

Կոմիտասը միշտ կրկնում էր. 

Երգը պետք է երգել այնպես, ինչպես հորինել է ստեղծագործողը, որպեսզի ի հայտ բերվի այդ երգի ամբողջ հարստությունը» :