Մասնագիտություն, որն ամոթաբեր էր համարվում Հին Հայաստանում

Հելենիստական և միջնադարյան ժամանակաշրջանում հայկական թատրոնում եղել են մնջախաղի դերասանուհիներ, պարուհիներ և աժիշտներ, որոնք հայտնի են եղել վարձակ անվանմամբ: Իսկ միջնադարում վարձակ էին անվանում անբարոյական կանանց։

Սկզբնական շրջանում վարձակները եղել են Անահիտ աստվածուհու մեհյանի սպասավորներ, մասնակցություն են ունեցել են ծիսական արարողություններին։ «Վարձակ» անվան մեջ արմատը «վարձն» է, որը նշանակում է «վճար», հետևաբար ենթադրվում է, որ վարձակ բառն առաջացել է այն փաստից ելնելով, որ դերասանուհուն վարձատրել են։

Ամենահայտնի վարձակը, որի անունը պահպանվել է մինչ մեր օրերը Նազենիկն է, որ ապրել է 2-րդ դարում: Վերջինիս մասին ասել են, որ նա «երգում է ձեռքերով»։ Մինչ մեր օրերը պահպանվել են հայկական մանրանկարներ, որոնց վրա պատկերված են այդ դերասանուհիները։

Հայտնի է, որ Աղթամարում հանդես են եկել դերասան-գուսանների և դերասանուհի-վարձակների խմբեր։ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատերի վրա պահպանվել են հայկական դերասանի դիմակների հարթաքանդակներ։