Թուրքիայի իսլամացած հայեր. Արմեն Դեմիրչյանի պատմությունը

Կյանքի առաջին 25 տարիներին Արմեն Դեմիրճյանը կարծում էր, որ ինքը քուրդ է։ Այնուհետև նրա գյուղի մեծերը պատմեցին նրան իր ընտանիքի գաղտնիքը. նրա պապը հայ էր, փրկված օսմանյան թուրքերի կողմից մեկ դար առաջ իրականացված ցեղասպանությունից:

«Ես լրիվ շփոթված էի,- ասում է 54-ամյա պարոն Դեմիրճյանը: — Ես էլ էի շատ տխուր: Ես մեծացել եմ քրդական մշակույթով և պատմությամբ»։

Տիար Դեմիրճյանը, ում պապը մանուկ հասակում պատսպարվել է քուրդ ընտանիքում, ամուր պահել է իր գաղտնիքը։ Վերջին տարիներին, սակայն, քանի որ Թուրքիան թույլ է տվել փոքրամասնություններին ավելի ազատ ճանաչել իրենց, նա ամբողջությամբ ընդունել է իր ընտանիքի ճշմարտությունը:

Նա իր անունը փոխեց իր ընտանիքի հայկականի, մասնակցեց այս քաղաքում եկեղեցու վերականգնմանը, հայերենի դասեր առավ և սկսեց Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթը մատակարարել այս շրջանի նմանատիպ անցյալ ունեցողներին։ Երբ նրա բջջային հեռախոսը զանգում է, հնչում է սիրիահայ երգչուհի և երգահան Լենա Չամամյանի երգը։

«Այսուհետ,- ասաց նա,- ես ուզում եմ շարունակել իմ հայկական ժառանգությունն ու մշակույթը»:

Ծպտված հայերից շատերը, ովքեր վերագտնում են իրենց արմատները, հեշտ են հրաժարվել իրենց քրդական կամ թուրքական ինքնությունից և ընդունել հայկականը, սակայն  չեն հրաժարվել իրենց կրոնից: Շատերը մնացին մահմեդական, այլ ոչ թե ընդունեցին քրիստոնեությունը՝ իրենց նախնիների կրոնը, և այսպիսով, օրինակ Դիարբեքիրի վերականգնված եկեղեցին ավելի շատ իրեն զգում է որպես մշակութային կենտրոն, քան պաշտամունքի տուն: