«ԱՆԿԱԽ ապրելու համար նախ պետք է ԿՐԹՎԵԼ, հետո նոր ԳՈՐԾԵԼ». ահա թե ինչպես էր Մկրտիչ Փորթուգալյանը պայքարում ՀԱՅՈՒԹՅԱՆ ազատագրման համար

Մկրտիչ Փորթուգալյանը հայկական առաջին կուսակցություններից մեկի՝ «Արմենականներ»-ի հիմնադիրն ու ղեկավարն է։ Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսում, այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ։ Վստահ էր՝ ազատ, անկախ ապրելու համար նախ կրթվել է պետք, պնդում էր.
«Նախ գաղափարապես է պետք հեղափոխել ժողովրդին, բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը, կրթել, ապա նոր միայն դիմել գործողությունների»։

Ասաց և արեց: Նա 1881 թվականին Վանում հիմնեց Հայկազյան կեդրոնական վարժարանը, որտեղ նրա ձեռքի տակով անցած սերունդը դարձավ «Արմենական» կուսակցության հիմնադիր։ Արևմտահայ արձակագիր Արփիար Արփիարյանն էլ ՄԵԾ ՎԱՐԺԱՊԵՏԻ մասին փաստեց.
«Ազատության շունչ բերեց Վան ու առանց հեղափոխություն բառն արտաբերելու հեղափոխական սերունդ պատրաստեց»։

1877-78թթ ռուս-թուրքական պատերազմի, Սան Ստեֆանոյի բանակցությունների և Բեռլինի կոնգրեսի օրերին շրջել է Հայաստանի, Անդրկովկասի քաղաքներում, «Հրանտ» կեղծանունով նյութեր տպագրել «Մշակ», «Մասիս»,«Մեղու» և այլ պարբերականներում, ժողովրդին զինված պայքարի կոչել՝ ընդդեմ թուրքական բռնապետության։ Նա գիտակցեց զինված պայքարի անխուսափելիությունը և ստեղծեց «Սև խաչ» ազատագրական կազմակերպությունը, «Հայրենասիրաց» ընկերությունը, «Արարատյան ընկերություն Հայոցին», որոնց միջոցով էլ պայքարի կոչ էր անում։

Նրա ողջ գործունեությունն ուղղված էր ազգային դաստիարակությանն ու կրթությանը։ Նրա նպատակն էր հայությանը՝ մեկ ընդհանուր պետականություն ունենալու նպատակի շուրջ համախմբել:

Մկրտիչ Փորթուգալյանին անընդհատ հետապնդում էր թուրքական կառավարությունը, նրա հասցեին սպառնալիքներ էին հնչում, սակայն նույնիսկ նման վտանգի մեջ, նույնիսկ ձերբակալությունից ու աքսորից հետո նա ետ չկանգնեց իր նպատակից ու շարունակեց պայքարել հայության ազատագրման համար…