Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, ինչպես նաև գիրք նվիրելու օրը․ գիտե՞ք, թե ինչ կապ ունի մեծ գրողը այս օրվա հետ

Հովհաննես Թումանյանը իր ընկերներին, բարեկամներին ու առհասարակ ծանոթ մարդկանց հայտնի էր իր բարությամբ ու օգնելու պատրաստակամությամբ։ Հաճախ էին նրանք Մեծ գրողին նկատողություն անում իր բարության համար, բայց նրա վրա այդ խոսքերը ոչ մի ազդեցություն չէին ունենում։ Նա նաև շատ էր սիրում գրքեր նվիրել, ինչի մասին վկայում են այս պատմությունները։

1903-ին Թիֆլիսում լույս է տեսնում նրա «Բանաստեղծություններ» ժողովածուն՝ 1200 օրինակով։ Գիրքը գրախանութում հայտնվելուց մեկ շաբաթ անց Թումանյանը մտնում է գրախանութ, վերցնում է օրինակներն ու ձրի բաժանում ծանոթներին: Նաև դիմում է իր բարեկամուհի Մարիամ իշխանուհուն, որպեսզի իր հաշվին որոշ մարդկանց ժողովածու տրամադրի:

Իշխանուհին փորձում էր ամեն կերպ գրքերը վաճառել, որպեսզի բազմազավակ ընտանիքի հայրը նյութական օգուտ ստանա իր գրքերի հրատարակությունից, բայց բանաստեղծը կարողանում էր նրան համոզել։

Թումանյանը այնքան էր սիրում իր գրքերը նվիրել, որ 1923 թվականին, երբ Մոսկվայում պատրաստվում էին հրատարակել նրա «Շունն ու կատուն» և «Մի կաթիլ մեղրը», բանաստեղծի գրադարանում այդ գրքերից ոչ մի օրինակ չգտան: Մինչդեռ տարիներ առաջ դրանք տպվել էին իրենց ժամանակի համար աննախադեպ մեծ տպաքանակով՝ 2 400 օրինակ: