Այսօր լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության 18 տարին

2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի անդամ Գուգեն Մարգարյանը, ով Բուդապեշտում ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթաց էր անցնում, ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից քնած վիճակում ապանվել է կացնահարվելով։

Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվել է Քութի Բալաշը, ով հետո պատմել է. «Երեկոյան ինքը թեյել է, գնացել քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը։ Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ որ մեկը վառել է լույսը։ Մտածել է՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվել է, ու տեսել ադրբեջանցուն՝ Ռամիլ Սաֆարովին, մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ։

«Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել։ Չորս բոլորը արյուն էր։ Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի իր գործը։ Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի։ Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր գործ էր վերջացրել։ Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ» — պատմել է հունգարացին»։

Սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնում է մյուս հայ սպայի սենյակը՝ ցանկանալով նրան նույնպես սպանել։ Միջանցքում նա հանդիպում է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, ադրբեջանցին նրան առաջարկում է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային։ Ուզբեկը փորձում է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվում հանդարտեցնել։

Ռամիլը արյունոտ կացինը ձեռքին մոտենում է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է լինում։ Չկարողանալով կոտրել դուռը, նա սկսում է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը։ Կիսաքնած Մակուչյանը մոտենում է դռանը, որպեսզի բացեր դուռը, բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրորդ անգամ է փրկում հայ սպայի կյանքը։