«Սևանա լճի ափին ապրում են մեր բարեկամները, նրանք 200 տարի առաջ են հեռացել Բայազետից»․ ինչպես է մահմեդականը որոշել Տերունական աղոթք սովորել

1805 թ-ին ռուս թուրքական պատերազմի ժամանակ Բայազետում կար 1735 հայի և 310 տուն մահմեդականների ընտանիք: Ցեղասպանության ժամանակ նրանք բոլորը ենթարկվեցին կոտորածի ու բռնագաղթի։ 30-ամյա երիտասարդ Ֆերդին  շատ պատմություններ գիտիԲայազետի հայերի մասին։

«Մենք ապրում ենք գրեթե սահմանին։ Հայրս հաճախ էր մեզ պատմում հայերի մասին։ Նա քուրդ է ու երբեք չի թաքցրել իր առանձնահատուկ համակրանքը հայերի նկատմամբ։ Երբ մանուկ հասակում խաղում էի երեխաների հետ, բոլորն ինձ ասում էին՝ հայի զավակ։ Այդ ժամանակ ես հպարտորեն ասում էի, որ հայ լինելը պատիվ է ինձ համար»,–պատմում է Ֆերդին։

«Բայազետում շատ հայեր չկան, բայց եղածները լավ գիտեն, որ մի Բայազետ էլ Հայաստանում կա։ Մենք լսել ենք, որ Սևանա լճի ափին ապրում են մեր բարեկամները։ Գավառ քաղաքի բնակիչները 200 տարի առաջ հեռացել են հենց Բայազետից։ Ես ուզում եմ ծանոթ լինել հայկական ամբողջ պատմությանը»,–ասում է Ֆրեդին։

Լինելով մահմեդական նա ուզում է սովորել Տերունական աղոթքը։ Ասում է՝ մահմեդական լինելը դեռ չի նշանակում գեներից հանել քրիստոնեական արժեքները։ Ֆերդին երազում է Բայազետում բացել հայերենի խմբակներ, որտեղ հայ երեխաները կկարողանան սովորել իրենց մայրենի լեզուն։