Հենց այս ՀԱՅՆ է ուսումնասիրել Արզնիի հանգստավայրի հանքային ջրերի բուժիչ հատկությունները սրտանոթային հիվանդությունների դեպքում. ճանաչենք Խորհրդային Հայաստանում բժշկագիտության հիմնադիրներից մեկին

Լուսանկարում հայ թերապևտ, սրտաբան, բժշկության պատմության մասնագետ, Հայաստանում թերապիայի և սրտաբանության հիմնադիր Լևոն Անդրեասի Հովհաննիսյանն է՝ ծնված 1885 թվականի փետրվարի 13-ին Թիֆլիսում:

Լևոն Հովհաննիսյանի հիմնական գիտական աշխատությունները նվիրված են ներքին բժշկության տարբեր հարցերին, մասնավորապես՝ սրտաբանությանը, ինչպես նաև բալնեոլոգիային և կուրորտաբանությանը, վարակիչ հիվանդությունների (մալարիա) ուսումնասիրմանը, գիտա-բժշկական տերմինաբանությաը։ Հովհաննիսյանը առաջարկել է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, ուսումնասիրել է սրտի աղմուկների առաջացումը, սրտանոթային նևրոզները, տարբեր ներքին հիվանդությունների ժամանակ մարդու օրգանիզմում ընթացող ախտաբանական բազմազան երևույթների և նյարդահոգեկան աշխարհի միջև ստեղծված բարդ մեխանիզմների փոխադարձ կապերը։ Հովհաննիսյանը հեղինակել է «Հայ բժշկության պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» հինգ հատորից բաղկացած ստվարածավալ աշխատությունը, որը հայ բժշկության պատմության առաջին մասշտաբային հետազոտությունն է։

Լևոն Հովհաննիսյանը Խորհրդային Հայաստանում բժշկագիտության հիմնադիրներից է։ Նա եղել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի, հետագայում՝ Երևանի բժշկական ինստիտուտի հիմնադիրներից։ Հովհաննիսյանը ստեղծել և երկար տարիների ընթացքում ղեկավարել է Մալարիայի և բժշկական պարազիտոլոգիայի ինստիտուտը, ՀԽՍՀ առողջապահության նախարարությանը կից Սրտաբանության ինստիտուտը։ Հովհաննիսյանը Հայաստանում առաջին բուժավայրի՝ Արզնիի բալնեոկլիմայական սրտաբանական առողջավայրի հիմնադրման նախաձեռնողն է, նա ուսումնասիրել է Արզնիի հանգստավայրի հանքային ջրերի բուժիչ հատկությունները սրտանոթային հիվանդությունների դեպքում։