Երևանցիները մաքուր խմելու ջուր ունենալու համար պարտական են հենց այս կնոջը. ճանաչենք մեկ դարից ավել ապրած ՀԱՅՈՒՀՈՒՆ

Խոսքը Հայաստանի առաջին կին ճարտարապետի՝ Աննա Տեր-Ավետիքյանի մասին է՝ ծնված 1908 թվականի ապրիլի 23-ին Երևանում:

Աննան 1915-1924 թվականներին սովորել է Հռիփսիմյան իգական գիմազիայում, որն իր ուսման ժամանակ վերակազմավորվել է որպես Ալեքսանդր Մյասնիկյանի անվան դպրոցի։
1924 թվականին ավարտել է դպրոցն ու ընդունվել Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, որի հիման վրա հետագայում ստեղծվել է Պոլիտեխնիկական ինստիտուտը:
1929 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
1926 թվականից աշխատել է Երևանի քաղխորհրդի գործկոմի ճարտարապետական բաժնում, որը ղեկավարում էր Նիկողայոս Բունիաթյանը։ Աշխատել է նաև Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցներում, ապա՝ նախագծային կազմակերպություններում:
1935-1951 թվականներին աշխատել է Երևանի քաղխորհրդի (1942 թվականից՝ Գլխավոր ճարտարապետանախագծային վարչություն) ճարտարապետական արհեստանոցում որպես ճարտարապետ-նախագծող։
1941-1943 թվականներին ղեկավարել է ՀԽՍՀ Ճարտարապետական ֆոնդը։
1951 թվականի մայիսի 1-ից մինչև 1951 թվականի հուլիսի 16-ն աշխատել է «Երքաղնախագիծ» նախագծային ընկերությունում որպես ավագ ճարտարապետ։
1963-1966 թվականներին աշխատել է «Գիպրոտորգ» ինստիտուտի հայկական մասնաճյուղում որպես գլխավոր մասնագետ։
1972 թվականի սեպտեմբերի 1-ից անցել է թոշակի։

Աննա Տեր-Ավետիքյանը հին երևանցիների հայտնի տոհմից է, որի շնորհիվ ստեղծվել են պատմամշակութային արժեք ունեցող շենքերից շատերը՝ Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, ԵՊՀ հին շենքը, Աբովյան փողոցում գտնվող առաջին հիվանդանոցը։ Տեր-Ավետիքյանների ջանքերով իրականացվել է նաև Կրբուլաղի աղբյուրներից եկող ջրամատակարարման առաջին ցանցը Երևանում, ինչը երևանցիներին մաքուր խմելու ջուր ունենալու հնարավորություն տվեց:

Աննա Տեր-Ավետիքյանը մահացել է 2013 թվականի հունվարի 16-ին, 104 տարեկան հասակում:

Նշենք, որ հայուհու նախագծերով Երևանում կառուցվել է շուրջ 40 շենք՝ բնակելի տներ (1947 թվական, 1948 թվական), հասարակական շենքեր (1953) և դպրոցներ։

Ձեզ ենք ներկայացնում նրա նախագծած կառույցներից մի քանիսը՝

Ոստիկանության շենքը աջից
Մյասնիկյանի անվան դպրոցի շենքը
«Պոնչիկանոցի» շենքը Կորյունի փողոցի և Մաշտոցի պողոտայի անկյունում