«Մատուռ էր ուզում զինվորների համար կառուցել, բայց պատերազմը կիսատ թողեց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Գևորգին

Գևորգ Դավիթի Բաբաջանյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 31-ին Արարատի մարզի Լանջազատ (Զովաշեն) գյուղում։ Հայոց բանակ է զորակոչվել 2020 թվականի հունվարին: Ծառայել է Մարտունի 2-ում։ Այստեղ էր նաև նրա եղբայրը` Հովհաննես Բաբաջանյանը, ով արդեն մեկ տարվա ծառայող էր։ Շուրջ 8 ամիս եղբայրները ծառայում էին կողք կողքի, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Այդ ժամանակ Գևորգն արդեն կրտսեր սերժանտ էր, իսկ Հովհաննեսը տեղափոխվեց հետախուզական վաշտ վարորդի պարտականությունները շարունակելու։

Արդեն մի քանի անգամ թեժ մարտերում Գևորգին հաջողվել էր հրաշքով ողջ մնալ, սակայն հոկտեմբերի 23-ին նա մահացու վիրավորում ստացավ։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 24-ին, վիրավորում է ստանում ավագ եղբայրը` Հովհաննեսը։ Գևորգը ֆիզիկապես ուժեղ էր և կոփված, զբաղվում էր սպորտով, ազատ ոճի ըմբիշ էր։ Մասնակցել էր Հայաստանում և արտերկրում անցկացվող բազմաթիվ մրցաշարերի, գրանցել զգալի հաջողություններ։ Նպատակ ուներ զորացրվելուց հետո շարունակել մարզական կարիերան, զարգացնել արդեն իսկ ձեռք բերված հաջողությունները:

Այն Զորամասում, որտեղ ծառայում էր, Գևորգը նպատակ էր դրել մատուռ կառուցել։ Զանգահարել էր տուն և հորն ասել. «Պապա ջան, եկեղեցու գմբեթի խաչ ու մոմակալ պատվիրի ու ուղարկի, իմ կողմից նվեր, ինձնից հետո պահապան լինի տղերքին…»։ Գևորգի պատվերը անշուշտ կատարվեց, սակայն մատուռի շինարարությունը դեռ կիսատ՝ սկսվեց պատերազմը, իսկ եղածը մնաց թշնամուն…

Գևորգի մահից հետո ծնողները ուխտ են արել նույն մատուռից, միևնույն մոմակալով ու խաչով կառուցել այնտեղ, որտեղ հավերժի քուն է մտած հերոս որդին…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…