«Չգիտեմ՝ ​​վեպ կգրե՞մ ՀԱՅԱՍՏԱՆԻ մասին, բայց Հայաստանն արդեն վեպ է գրել իմ սրտում». աշխարհահռչակ Պաուլո Կոելիոն ՀԱՅԱՍՏԱՆ կատարած այցի մասին

Պաուլո Կոելիոն բրազիլացի գրող և բանաստեղծ է, ում ստեղծագործությունները կարդում են աշխարհի տարբեր երկրներում: Գրողը հրատարակել է ավելի քան 20 գիրք՝ վեպեր, մեկնաբանված անթոլոգիաներ, փոքր պատմվածքների ժողովածուներ։ Հայտնի է դարձել իր «Ալքիմիկոսը» վիպակով, որը համարվել է բեսթսելլեր։ Հենց այս վիպակի հայերեն թարգմանությունից հետո՝ 2004 թվականի հոկտեմբերին, Կոելիոն այցելեց Հայաստան:

Հայաստան այցի ժամանակ Կոելիոն հասցրել է ծաղիկներ դնել Հայոց ցեղասպանության հուշարձանին, այցելել Ցեղասպանության թանգարան և ծառ տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այգում: Բացի այդ Կոելիոն Սուրբ Թարգմանչաց տոնին այցելել է Օշական և ծաղիկ դրել Մեսրոպ Մաշտոցի շիրիմին:

Հանդիպումներից մեկի ժամանակ, երբ նրան հարցրին՝ ունի արդյոք մտադրություն Հայաստանի մասին վեպ գրելու, նա պատասխանել է.

«Չգիտեմ՝ ​​վեպ կգրե՞մ Հայաստանի մասին, բայց Հայաստանն արդեն վեպ է գրել իմ սրտում»:

Իսկ Հայաստան այցի տպավորությունների մասին հարցին Պաուլո Կոելիոն ասաց, որ շենքերն ու փողոցները գրեթե նույնն են, ինչ մնացած աշխարհում, բայց. «Կարևորը այն մարդիկ են, ովքեր ազգերի մեջ ինձ վրա լավագույն տպավորությունն են թողել»:

Ի դեպ, գրողը հասցրել է նաև հանդիպել այդ ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հետ, ով, իմանալով Կոելիոյի այցի մասին, նրան հրավիրեց ընթրիքի։

Ընթրիքի ժամանակ Կոելիոն Ռ․ Քոչարյանին հարցրեց՝ իսկ գիրք կարդալու ժամանակ ունեք։ Քոչարյանն իրեն բնորոշ անմիջականությամբ, մի քիչ էլ հումորով՝ պատասխանեց․
-Չէ, ժամանակը թույլ չի տալիս, բայց, երբեմն Սեդրակը շատ հավանած մի բան, որ պնդում է, փորձում եմ ժամանակ գտնել։

Ընտանեկան ընթրիքն հաճելիորեն ձգվեց, ու, երբ կարելի էր շատ անկեղծանալ, Կոելիոն ասաց․
-Բայց ի՜նչ դժվար է Հայաստանի նախագահ լինելը․․․։
-Ինչո՞ւ,-զարմացավ Ռ․ Քոչարյանը։
-Դժվար է կառավարել մի ժողովրդի, որ հերթ կանգնել չգիտի,-պատասխանեց Կոելիոն»: