«Եվս մի հպարտության առիթ». ո՞վ է մեր ՀԱՅ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ, ով դարձել է «Գինեսի» գրքի ՌԵԿՈՐԴԱԿԻՐ

Հայտնի ջութակահար Նիկոլայ Մադոյանը «Գինեսի» ռեկորդակիր է դարձել 2017 թվականի փետրվարի 11-12-ը Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը 33 ժամ, 2 րոպե, 41 վայրկյան անընդմեջ նվագով: Նա ժամը մեկ հինգ րոպե դադարի հնարավորություն է ունեցել: Մադոյանը ռեկորդը սահմանել էր հանուն հայրենիքի և այն նվիրել է Արցախյան քառօրյա պատերազմի անմահ հերոսներին:

Ռեկորդը գրանցելու համար ջութակահարը ընտրել է 59 հանրահայտ և բավականին բարդ ստեղծագործություններ, այդ թվում՝ Կոմիտասի «Ծիրանի ծառը», «Քելեր, ցոլերը», «Կռունկ» և Էդվարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը:

Նա ընդգծեց, որ ութ ժամում 59 ստեղծագործությունները կրկնվել են ութ անգամ, սակայն ինքը դրանցից յուրաքանչյուրը յուրովի է մատուցել, նոր մեկնաբանությամբ:

Նիկոլայ Մադոյանի խոսքով` այդ փորձն իրեն հիանալի հնարավորություն է տվել ստուգելու իր տեխնիկական հնարավորությունները: «Ես կարողացա գտնել մեթոդներ ու միջոցներ, որոնք ինձ թույլ տվեցին ժամեր շարունակ նվագելով հանդերձ բարելավել ծանրաբեռնված մկաններիս վիճակը ու շարունակել նվագը»,-շեշտեց ջութակահարը:

Անդրադառնալով «Գինեսի» ռեկորդակիր լինելու ընձեռած լայն հնարավորություններին` նա ասել է, որ այդ հանգամանքը յուրաքանչյուր արտիստի առաջ մեծ դռներ է բացում: «Եթե համերգային ծրագրի համար նախատեսված պաստառի վրա նշվում է, որ տվյալ երաժիշտը «Գինեսի» ռեկորդակիր է, նրա նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծանում է»,-եզրափակեց Մադոյանը: