Հենց այս տաճարի վրայի արձանագրություններն են պատկերացում տալիս մեսրոպյան այբուբենի նախնական տարաձևերի մասին. գիտե՞ք՝ ինչ տաճարի մասին է խոսքը

Խոսքը Շիրակ գավառի համանուն գյուղում Ախուրյանի վտակի աջ ափին՝ այժմ Թուրքիայի Կարսի մարզի Դիգոր քաղաքում, Անիից 20 կմ հարավ-արևմուտք գտնվող Տեկորի տաճարի մասին է, որն, ըստ շինարարական արձանագրության, կառուցվել է 5-րդ դարի վերջին քառորդում Սահակ Կամսարականի կողմից։

Սկզբնապես (12-13 շարք) Տեկորի Ս. Երրորդություն վանքի եկեղեցին կառուցվել է վարդագույն տուֆով՝ որպես եռանավ բազիլիկ։ Շինարարությունն ընդհատվել է 481-484-ին (կապված Պարսկաստանի տիրապետության դեմ հայերի համաժողովրդական ապստամբության հետ) և շարունակվել սպիտակավուն տուֆով՝ եկեղեցուն տալով քառամույթ գմբեթավոր հորինվածք, որի շնորհիվ այն քրիստոնեական ճարտարապետության մեջ տվյալ տիպի հնագույն թվագրված կառույցն է։ Դեռևս կանգուն վիճակում հանգամանորեն հետազոտվել է ճարտարապետ Թորոս Թորամանյանի կողմից 20-րդ դարի սկզբում։

Հենց նրա կողմից իրականացված հետազոտության ընթացքում է պարզ դարձել, որ տաճարը ենթարկվել է ճարտարապետական արվեստի չորս վերածնության, որոնց առաջինը, կիկլոպյան պատերից հետո 4-րդ և 5-րդ դարերի մեջ է տեղի ունեցել, որի օրինակն է 5-րդ դարի Տեկորի հուշարձանը։ Թեև ապացույցներ կան, որ շենքը գոյություն ուներ նախքան 5-րդ դարը, 5-րդ դարում, ենթադրաբար քրիստոնեական տաճարի վերածվելիս ստացել է ներկա ձևի գլխավոր մասը (ինչպես նույնը պատահել է Երերույքի տաճարում)։ Շենքի թե՛ ներքին և թե՛ արտաքին ճակատների վրա կան անվիճելի ապացույցներ, որ 10-11-րդ դարերում նոր վերանորոգման հետևանքով, այդ դարերի ճարտարապետական արվեստի կնիքը դրվել է նոր կատարված վերանոնորոգումներում։

Տաճարի կառուցման որևէ թվական չկա շենքի վրա, միայն կառուցող Սահակ Կամսարականի և նման հիշատակված անունները, Հայր Ալիշանի քննությամբ 5-րդ դարի են։ Բացի արձանագրության մեջ հիշված 5-րդ դարի անունները, ճարտարապետական և շինարարական ոճերի քննությունը ևս այս շենքը տանում է մինչև 5-րդ դար:

Տաճարի հարավային կողմում արևելքից արևմուտք ձգվող բարձր բլուրի վրա կա մի կառույց, որը ժողովրդն անվանում է բերդ։ Բերդից մնացել են միայն կրկնակ պարիսպների հետքերը։

Տեկորի տաճարն այժմ ամբողջովին ավերված է։ Այն որպես Ս. Սարգսի վկայարան հիմնադրել են կաթողիկոս Հովհաննես Ա Մանդակունին, Արշակունյաց Հովհաննես եպիսկոպոսը՝ վանքի երեց Տայրոնի, Մանան Հազարապետի և Ուրան Հոռոմի մասնակցությամբ։ Տեկորի Ս. Երրորդություն վանքի այս արձանագրությունները մեզ հասած հայերեն ամենահին գրությունն է և պատկերացում է տալիս մեսրոպյան այբուբենի նախնական տարաձևերի մասին։ Տաճարը վկայությունների մեջ հանդիպում է նաև սուրբ Սարգսի և սուրբ Երրորդություն անվանումներով:

Ըստ պատերի փորագրված արձանագրությունների՝ 971-ին Խոսրովանույշ թագուհին ազատել է Տեկորը հարկերից, 999-ին վանքը ստացել է նվիրատվություններ, 1008-ին Կատրանիդե թագուհին ազատել է Տեկորը «քուստակ» հարկից, 1014-ին և 1018-ին հաստատվել է Տեկորի ապահարկությունը, 1042-ին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու դուստրը ազատել է Տեկորը հարկից։

17-րդ դարում վանահայր Հովհաննես վարդապետը դիմադրել է վանքը կողոպտող ավազակներին և նահատակվել։ 19-րդ դ. Տեկորի Ս. Երրորդություն վանքը ունեցել է մոտ 300 հա վարելահողեր և արոտատեղիներ, որոնք 1888-ին տրվել են վարձով։ 20-րդ դարի սկզբին վանքի եկեղեցու վթարային վիճակի պատճառով ժամասացությունները դադարեցվել են։ 1911-ին փլվել է եկեղեցու գմբեթը։ 1920-ից հետո Տեկորի Ս. Երրորդություն վանքը լրիվ ավերվել է՝ շրջակա գյուղերի բնակիչները պատերից պոկել են քարերը և օգտագործել։

Տեկորի Ս. Երրորդություն վանքի եկեղեցու քառամույթ գմբեթավոր բազիլիկ հորինվածքը հետագայում նախատիպ է ծառայել Հայաստանի 6-17-րդ դդ. բազմաթիվ եկեղեցիների համար, իսկ 9-11-րդ դդ. անցել է Բյուզանդիա ու լայն տարածում ստացել ուղղափառ (օրթոդոքս) երկրներում։