Այս վանական համալիրը ժամանակին եղել է մանրանկարչության կենտրոն. գիտե՞ք՝ ինչ վանքի մասին է խոսքը
Խոսքը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի մոտ գտնվող Կարմիրավան կիսավեր հայկական վանական համալիր մասին է:

Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, փոքր մատուռից, խցերի և այլ կառուցվածքների ավերակներից։


Եկեղեցին մի փոքր երկարավուն թաղածածկ շենք է, որին արևմուտքից կցված է փոքր գավիթը։ իսկ հարավ-արևելքից՝մի փոքր մատուռ։ Բոլոր շինությունները կառուցված են տեղական սպիտակավուն կրաքարի ճեղքված բեկորներով, քանի որ կրաքարի այս տեսակը փխրուն է, մեծ բլոկներով և սրբատաշ մշակելու համար անհարմար։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմուտքից և հարավից։
Հուշարձանի հարավային և հյուսիսային պատերը չափազանց հաստ են. դրանց մեջ, գավթում, շինված են մեծ խորշեր, որոնցից և մուտքերն են բացվում դեպի եկեղեցու պատերի մեջ տեղավորված ավանդատները։
Վանական համալիրի պատերը շարված են անտաշ քարերով. այստեղ էլ ինչպես և ԼՂՀ այլ հուշարձանների վրա, պատերի մեջ ագուցված են նույն կրաքարից տափակ շերտեր, որոնց վար և գրված են արձանագրությունները։
Վանական համալիրի եկեղեցի շինել տվող Սակռի գերեզմանը գտնվում է գավթի ներսում։